Վլադիմիր Ամբարցումովը կասկածվում է նաև մի կնոջ բռնաբարության մեջ

17:54 • 03.08.12

ՌԴ Պյատիգորսկ քաղաքում 9-ամյա երեխայի բռնաբարության ու սպանության մեջ կասկածվող 40-ամյա Վլադիմիր Ամբարցումովը կասկածվում է նաև մի կնոջ բռնաբարության մեջ:


Ինչպես հայտնում է vz.ru-ն, Ստավրոպոլի դատախազությունը հանձնարարել է ստուգում անցկացնել կնոջ բռնաբարության համար ժամանակին քրեական գործ չհարուցելու փաստով:


Գերատեսչության համաձայն` հուլիսի 3-ին Պյատիգորսկի քննչական բաժին էր դիմել մի բնակչուհի և պատմել, որ բռնաբարության է ենթարկվել Ամբարցումովի կողմից:


Քառասունամյա տղամարդը մեղադրանքը հերքել էր: Նույն օրը զննության էր ենթարկվել դեպքի վայրն ու նշանակվել էին անհրաժեշտ ուսումնասիրություններ, սակայն քրեական գործ չէր հարուցվել:


Քրեական գործ հարուցելու որոշումը կայացվել է օգոստոսի 1-ին, անչափահաս Անյայի բռնաբարության ու սպանության կասկածանքով Ամբարցումովի ձերբակալությունից հետո:


Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, հուլիսի 23-ին 9-ամյա աղջիկը տնից դուրս էր եկել զբոսնելու և այլևս չէր վերադարձել: Նրա որոնումներով զբաղվում էր 300 մարդ: Հուլիսի 25-ին նրա մարմինը հայտնաբերվել էր Մաշուկ լեռան ստորոտին: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ աղջկան բռնաբարել են:


Ամբարցումովը խոստովանել էր մեղքն ապացույցների ճնշման ներքո: Մասնավորապես` առկա են տեսահսկման խցիկների նյութեր, որոնք ֆիքսել են Ամբարցումովին և Պրոկոպենկոյին միասին՝ դեպի անտառ գնալիս, ապա մեկ ժամ անց՝ Ամբարցումովին՝ արդեն միայնակ վերադառնալիս:


Մոտ 200 տղամարդկանցից ԴՆԹ անալիզ վերցնելուց հետո նաև հաստատվել է, որ աղջկա հագուստին առկա հետքերը ևս Ամբարցումովին են պատկանում: Վերջինիս մարմնին նաև 7-10 օրվա վաղեմության ճանկռվածքներ են հայտնաբերվել: