Արծվաշենի անկման հիմնական մեղավորը գյուղի դիրքն էր, ասում է գյուղապետը

12:24 • 03.08.12

Արծվաշենի անկման հիմնական «մեղավորը» գյուղի տեղն ու դիրքն էր, և 1992թ. օգոստոսի 8-ին ընկավ Արծվաշենը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արծվաշեն գյուղի գյուղապետ Մամիկոն Խեչոյանը:


«Ամենաթանկ բանը մարդու համար հարազատի կորուստն է, իսկ մենք կորցրել ենք մայր հողը՝ մեր Արծվաշենը, ինչը հանձնվել է Ադրբեջանին: Արծվաշենցիները, լքելով իրենց բնակավայրը, այսօր հիմնականում ապրում են Գեղարքունիքի մարզում և չեն լքել մեր հայրենիքը»,- ասաց Մամիկոն Խեչոյանը:


Նա տեղեկացրեց, որ օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում անցկացվելու է Արծվաշենի անկմանը նվիրված հիշատակի օր:


Պատմաբան, ծագումով արծվաշենցի Յուրա Ղուլյանն էլ նշեց, որ ժամանակի ընթացում Արծվաշենը համարվում էր ամենամեծ գյուղերից մեկը, իսկ գյուղը 80-ականներին արդեն քաղաքային ավանի կարգավիճակ է ունեցել, որտեղ եղել է չորս գործարան:


«Արծվաշենի անկումը մեր հաղթանակած երկրի, մեր հաղթանակած բանակի միակ պարտությունն էր: Արծվաշենն ունենալով 150 տարվա պատմություն, երբեք չի կորցրել իր հայկականությունը և այնտեղ երբեք օտարը չի ապրել: Արծվաշենի կորուստը համահայկական կորուստ է, մեզ կհասկանան նրանք, ովքեր հայրենի հողի կորուստ են ունեցել»,- ասաց Յ. Ղուլյանը:


Հիշեցնենք, որ Արծվաշենը 1992 թվականի օգոստոսի 8-ից օկուպացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից և մինչ այսօր գտնվում է օկուպացված վիճակում: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից ստացված տեղեկատվության համաձայն, Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների թիվը ներկայումս կազմում է 719, որոնցից 664 ընտանիքներ բնակություն են հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակավայրերում և 55 ընտանիքներ այլ մարզերում: