Պարզվել է, որ ընտրակաշառքը բաժանել է թանգարանի տնօրենը
Հուլիսի 30-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ոստիկանության Գյումրիի բաժնում գրություն էր ստացվել, որ մայիսի 6-ին Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը հաղորդում է հեռարձակել ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Գյումրի քաղաքի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցած ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի վերաբերյալ:
Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ այդ տեղեկության, «ԳԱԶել-32213» մակնիշի 29 ՕՕ 719 ավտոմեքենայից, անհայտ անձի կողմից կաշառք տալու դեպքի վերաբերյալ հուլիսի 21-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 154 պրիմ 2 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ:
Հատուկ քննչական ծառայության և ոստիկանության Գյումրիի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողությունների արդյունքում իրավապահները պարզել է, որ մայիսի 6-ին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում հիշյալ ավտոմեքենայից քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել Գյումրի քաղաքի բնակիչ, 41-ամյա Շողիկ Մելքոնյանը:
Գ.Շամշյանի տեղեկություններով, Շ.Մելքոնյանը Գյումրի քաղաքի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրենն է:
Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել, որը վարում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը:









