Մոնղոլիայի նախկին նախագահը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման` կոռուպցիայի մեղադրանքով
Մոնղոլիայի նախկին նախագահ Նամբարին Էնհբայարը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի մեջ ու դատապարտվել 4 տարվա ազատազրկման ու 25 մլն տուգրիկ արժողության (18.660 դոլար) սեփականության օտարման: Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով մոնղոլական լրատվամիջոցներին:
Մոնղոլական դատարանը սկզբում նրան դատապարտել էր 7 տարվա ազատազրկման, այնուհետ կրճատել ժամկետը 3 տարով: Նախկին նախագահից բացի, կոռուպցիայի ու ծառայողական դիրքը չարաշահելու մեջ մեղավոր են ճանաչվել նաև կառավարության նախկին 4 անդամներ ու 1 գործարար:
«Ես չեմ վախենում ոչնչից ու կպայքարեմ հանուն արդարության ու նոր Մոնղոլիայի»,- դատական նիստի ավարտին ասել է Էնհբայարը: Նրա գլխավորած Մոնղոլիայի ազգային հեղափոխական կուսակցության անդամներն իրենց բողոքն են հայտնել դատարանի այս որոշման դեմ, ինչի հետևանքով բախումներ են տեղի ունեցել նրանց ու ոստիկանության միջև:
Էնհբայարը կարող է 14 օրվա ընթացքում բողոքարկել վճիռը: Նա նախագահ էր ընտրվել 2005թ.-ին` այս պաշտոնում կառավարելով մինչև 2009թ.:









