Ռուս միլիարդատերը որոշել է վաճառել ողջ բիզնեսն ու կողքի քաշվել
ՌԴ «Աէրոֆլոտ»-ի, «Նովայա գազետա»-ի և Ազգային պահուստային բանկի համասեփականատեր Ալեքսանդր Լեբեդևը, ով համագործակցում է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հետ, զգուշանալով քաղաքական հետապնդումներից` որոշել է վաճառել ողջ բիզնեսն ու կողքի քաշվել:
Նա «Գազետա.ռու»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ այլ ելք չունի: «Այսպես արդեն հնարավոր չէ: Իմ դեմ ծրագրված ակցիա է տարվում»,- դժգոհություն է հայտնել գործարարը` հավելելով, որ ճնշումները գործադրվում են Կրեմլի կողմից:
Նրա խոսքով` իր աշխատակիցներին վախեցնում են, վերջիններս էլ ստիպված հեռանում են ընկերություններից: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ազգային պահուստային բանկը կրել է 1 մլրդ ռուբլու վնաս, «Նովայա գազետա»-ն վաղուց ճգնաժամի մեջ է:
Նման պայմաններում ո՞վ է պատրաստ գնել ակտիվները` հարցին գործարարը պատասխանել է, որ ցանկացողներ կան, սակայն սպասում են «վերևների դաբրոյին»:
«Հասկանո՞ւմ եք, ինձնից հիմա ոչ ոք ոչինչ չի գնի: Ես նույնիսկ Մոսկվայում անշարժ գույք չեմ կարողանում վաճառել»,- ասել է նա:
Forbes հեղինակավոր ամսագրի մարտին հրապարակած վարկանշային աղյուսակի համաձայն` Լեբեդևը 1.1 մլրդ դոլար կարողությամբ 89-րդն է Ռուսաստանում, 1.075-րդը` աշխարհում:









