Թուրքական դատարանը հայազգի Նարինե Մկրտչյանին ինքնասպանության հասցրած եղբայրներին ազատ չի արձակել
Ստամբուլում 24-ամյա Նարինե Մկրտչյանին լուսանկարներով շանտաժ անելով նրան ինքնասպանության դրդած թուրք եղբայրները երեկ առաջին անգամ դատարանի առջև են կանգնել. տեղեկացնում է Haberturk-ը:
Բարըշ և Օրհան Օքումուշ եղբայրները չեն ընդունել իրենց ներկայացված մեղադրանքները և պահանջել են ազատ արձակել իրենց:Դատարանը, սակայն, նրանց պահանջը չի կատարել:
Դատավարությանը մասնակցել է նաև Նարինեի մայրը` Նունե Մկրտչյանը:
«Նարինեին լուսանկարել եմ իր ցանկությամբ և այդ լուսանկարներն իր հեռախոսի հիշողության քարտի մեջ են եղել: Ինքնասպանությունից 3 օր առաջ հանդիպել եմ նրա հետ: Նրան ասել եմ, որ անցյալում տեղի ունեցած որոշ իրադարձությունների պատճառով իր հետ չեմ կարող ամուսնանալ: Լուսանկարները եղբորս չեմ տվել և որևէ կապ չունեմ Նարինեի մահվան հետ: Արդեն 4 ամիս է բանտարկված եմ, սակայն խնամքի կարոտ մայր ունեմ: Պահանջում եմ ազատ արձակել ինձ»,- ասել է Օրհան Օքումուշը:
Բարըշ Օքումուշը նշել է, որ ինքն ու եղբայրը նույն համակարգիչն են օգտագործել, սակայն ինքը չի իմացել, որ դրանում Նարինեի մերկ լուսանկարները կան և դրանք Նարինեի եղբորը ցույց չի տվել:
Դատարանը որոշել է, որ հաջորդ նիստին ներկա պետք է լինի նաև Նարինեի եղբայրը` Ժոռա Մկրտչյանը, ով այժմ Հայաստանում է:
Ստամբուլի դատախազության կողմից պատրաստված մեղադրական եզրակացությամբ Նարինեին մերկ լուսանկարած Օրհան Օքումուշին «անձնական կյանքի իրավունքը խախտելու», «շանտաժի» և «մահվան պատճառ դառնալու» մեղադրանքնեով սպառնում է մինչև 11 տարվա ազատազրկում:
Եղբորը` Բարըշ Օքումուշին` «անձնական կյանքի իրավունքը ոտնահարելու» և «շանտաժի» մեղադրանքով 2-ից 5 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ 4 տարի առաջ Թուրքիա ներգաղթած Նարինե Մկրտչյանը եղբոր և խորթ հոր հետ անօրինական բնակվել է Ստամուլի Քումքափը թաղամասում: Նա սիրահարվել է թուրք հարևան Օրհան Օքումուշին, ով խոստացել է ամուսնանալ հետը և մերկ լուսանկարել է նրան:
Օրհանի եղբայրը` 25-ամյա Բարըշ Օքումուշը նույնպես սպառնացել է Նարինեին` ասելով, որ «եթե իր հետ էլ չլինի, լուսանկարները ցույց կտա աղջկա եղբորը»:
Սակայն քանի որ Նարինեի ընտանիքն անօրինական է բնակվել Թուրքիայում, ոստիկանության դիմել հնարավոր չի եղել: Աղջիկը փետրվարի 28-ին թույն է խմել և ինքնասպան եղել:









