Նախագահական մրցապայքարում Օբաման առաջատարն է. հարցում

09:18 • 03.08.12

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մեծ տարբերությամբ առաջատարն է նախագահական մրցապայքարում: Ըստ Pew Research Center-ի անցկացրած հարցումների` ԱՄՆ քաղաքացիների 51%-ն աջակցում կամ հակված է աշնանը կայանալիք ընտրություններում աջակցելու դեմոկրատ Օբամային: Իսկ Հանրապետական կուսակցության միասնական թեկնածու Միթ Ռոմնիին աջակցում է հարցվածների միայն 41%-ը:

 

Այս տվյալները մոտ են հուլիսյան հարցումների արդյունքներին, իսկ վերջին 8 հարցումների արդյունքներով, որոնք անցկացվել են հունվարից ցայսօր, Օբաման մշտապես պահպանում է առաջատարությունը` 4-12 տոկոսային կետով:

 

 

 

Նախագահի թեկնածուների միջև նվազագույն տարբերությունը` 4 տոկոսային կետ, գրանցվել է 12 նահանգներում: Կոլորադոյում, Այովայում, Ֆլորիդայում, Միչիգանում, Նևադայում, Նյու Հեմփշիրում, Հյուսիսային Կարոլինայում, Օհայոյում, Վիրջինիայում ու Վիսկոնսինում Օբամային աջակցում է 48, իսկ Ռոմնիին `44 % ընտրող:


Հարցումն անցկացվել է հուլիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում, 2.508 ամերիկացիների շրջանում:
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 6-ին: