«Ազատություն քաղբանտարկյալներին», ՀԱԿ ակտիվիստները բղավում են Գլխավոր դատախազության դիմաց (տեսանյութեր)

15:52 • 03.08.12

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ակտիվիստներն ու երիտասարդներն այսօր հավաքվել էին ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև և պահանջում էին ազատ արձակել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներին, որոնց իրենք համարում են քաղբանտարկյալներ։


Խոսքը ՀԱԿ անդամներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանին, որոնց 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ միջադեպի առիթով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 2-6 տարվա ազատազրկման:


Ակցիայի ընթացքում ՀԱԿ անդամ Արեգ Գևորգյանը նշեց, որ իրենց պահանջն այն է, որ շուտափույթ ազատ արձակվի Տիգրան Առաքելյանը, որն արդեն մեկ տարի է բանտում է և արդարացնեն ՀԱԿ մյուս երեք երիտասարդներին:


«Բոլորս էլ հասկանում ենք, որ իր բնույթով հանցագործ և մարտի 1-ի դեպքը կոծկած, տարբեր տեսակի հանցագործություններ գործած այս կառույցը չի կարող արդարացի որոշում կայացնել: Մենք ամեն ուրբաթ հավաքվելու ենք այստեղ, որ ցույց տանք մեր պայքարելու վճռականությունը և կամքը, քանի դեռ մեր ընկերները գտնում են անազատության մեջ»,-ասաց նա:


ՀԱԿ մեկ այլ անդամ Զարուհի Հովհաննիսյանը իր ելույթում նշեց, որ երիտասարդներին ապօրինաբար դատավճռի ենթարկելու հրամանը տրվել է Բաղրամյան 26-ից՝ նախագահական նստավայրից:


«Մենք այսօր ուզում ենք շեշտել, որ հանցագործները հանգիստ շրջում են փողոցներով, իսկ քաղաքացիները, որոնք պայքարում են իրավական պետություն ստեղծելու համար ուղղորդվում են դեպի բանտեր: Սա քաղաքական որոշում է»,- ասաց նա:


ՀԱԿ ակտիվիստներ նաև նշեցին, որ ի պաշտպանություն անազատության դատապարտված ՀԱԿ երիտասարդների, ամեն ուրբաթ իրենք ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև բողոքի ակցիան են իրականացվելու:


Հիշեցնենք, որ 2008 թվականից հետո ՀԱԿ-ի ակտիվիստներն ամեն ուրբաթ բողոքի ակցիա էին իրականացնում դատախազության շենքի մոտ՝ պահանջելով ազատություն շնորհել այդ մարտի 1-ի գործով ձերբակալվածներին: