Երևանում կանխվել է 15-ամյա աղջնակի ինքնասպանությունը

20:56 • 03.08.12

Այսօր` օգոստոսի 3-ին, քաղաքացիների, Ոստիկանության կենտրոնական բաժնի, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և 1-03 բրիգադի աշխատակիցները կանխել են անչափահաս երեխայի ինքնասպանության փորձը:


Ինչպես Tert.am—ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում ահազանգ է ստացվել Ոստիկանության կենտրոնական բաժին, որ անչափահաս մի աղջիկ փորձում է Հաղթանակի կամրջից իրեն ցած նետել:


Նշված կառույցների ներկայացուցիչները, ժամանակին հասնելով դեպքի վայր, կարողացան տեղում գտնվող քաղաքացիների հետ աղջկան հետ կանգնեցնել այդ քայլից:


Գագիկ Շամշյանը հայտնում է, որ աղջկան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում հանգամանքները պարզվում են:


Աղջիկը, ով 15 տարեկան է, իրավապահներին հայտնել է, որ իր տվյալներն են` Անի Մ., և ըստ իր հայտարարության` ինքն անօթևան է: Թե արդյոք իրականությանը համապատասխանում է աղջկա պատմածը, կպարզի հետաքննությունը: