Ազատագրված տարածքներն ամրապնդելու համար անհրաժեշտ է վերաբնակեցում և ծնելիության աճ. Նարեկ Գալստյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատագրված տարածքներն ամրապնդելու նպատակով անհրաժեշտ է երկու բան՝ վերաբնակեցում և ծնելիության աճ: Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Վերաբնակեցման շուրջ երկու կողմերն ունեն հակադիր մոտեցումներ: Մասնավորապես, վերջերս Ադրբեջանի իշխանությունը հայտարարություն էր տարածել և միջազգային հանրության ուշադրությունը սևեռել այն հարցի վրա, թե ԼՂՀ-ում վերաբնակեցում է իրականացվում: Բայց պետք է նշենք, որ Արցախի արևելյան հատվածը, որն այսօր բռնազավթված է Ադրբեջանի կողմից, ևս բնակեցվում է Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություններով»,- ասաց նա։
Նարեկ Գալստյանը նշեց, որ չնայած դրան, Ադրբեջանը հայտարարել էր, թե իրենք վերաբնակեցման ուղղությամբ կազմակերպված քաղաքականություն չեն իրականացնում:
Քաղաքագետը նկատեց, թե Հայաստանն իրականում ստեղծել է մի իրավիճակ, որը դժվարացնում է վերաբնակեցման հարցի լուծումը: Ըստ նրա, դա բանակցային սեղանին դրված որոշակի տարածքների փոխզիջման հարցն է:
«Ադրբեջանը շարունակում է շահարկել տարածքների վերադարձի հարցը: Բայց տարածք ոչ ոք հենց այնպես չի հանձնում: Դա պետք է ունենա լուրջ հիմնավորում: Տարածքը ազգային ներուժ է: Այն կենսական շահ է և պետք է պետությունը կառուցվի հենց այդ սկզբունքով: Պետք է չմտածել տարածքների վերադարձի մասին: Պետք է հասկանալ, որ կա ռազմավարական շահ, և տարածքն առաջին հերթին այդ դերն է խաղում»,- ասաց քաղաքագետն ու ընդգծեց, որ հաղթող պետությունից չեն պահանջում տարածք հանձնել:
Շարունակելով թեման, Նարեկ Գալստյանն ընդգծեց՝ եթե Երևանում կա մեկը, որ նման բան է մտածում, ապա Արցախում նման դիրքորոշում ունեցող մարդկանց չեք հանդիպի:
Խոսելով ԼՂ բանակցային գործընթացից, քաղաքագետը նշեց, որ փոփոխություններ կարող են լինել միայն գործընթացին Ստեփանակերտի մասնակցությամբ, սակայն քաղաքագետը դժվարացավ կանխորոշել, թե երբ փոփոխություն տեղի կունենա։
«Բանակցություններում Ստեփանակերտի մասնակցությունը շատ ավելի կհստակեցնի խնդիրների շրջանակը, որոնք կարելի է քննարկել կամ չքննարկել: Այն որոշումները, որոնք հաստատվում են երկու երկրների՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, առանց Ստեփանակերտի, կարող են անիմաստ լինել»,- եզրափակեց քաղաքագետը:










