Ուկրաինայում թմրամոլը առևանգել է ուղևորներով լի ավտոբուսը
Ուկրաինայի Խերսոնի մարզում 31-ամյա տղամարդը, ով գտնվում էր թմրանյութերի ազդեցության տակ, գրավել է ուղևորներով լի մի ավտոբուս, հայտնում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը:
Ավտոբուսի վարորդը պատմել է ոստիկանությանը, որ կանգառում ավտոբուս է նստել 5 ուղևոր, այդ թվում մի տղամարդ: Երբ ավտոբուսը շարժվել է նա մոտեցել է վարորդին և կոկորդին ջարդված շիշ մոտեցնելով հրամայել է գնալ ոստիկանության մարզային բաժանմունք: Վարորդը փորձել է հանգստացնել նրան, սակայն երիտասարդը անընդհատ հայհոյել է, իրեն ագրեսիվ պահել և ասել, որ ավտովուսից դուրս կնետի կնոջը, եթե վարորդը չգնա հնարավորինս արագ:
Բաժանմունք հասնելուն պես, հանցագործը դուրս է թողել վարորդին, որպեսզի նա կանչի ոստիկաններին: Վերջինների հետ զրույցում նա դատախազի հետ հանդիպում է պահանջել: Ոստիկաններից մեկը դատախազ է ձևացել, ինչի շնորհիվ թմրամոլին հաջողվել է ձերբակալել:
Խուզարկության ընթացքում թմրամոլի մոտ հայտնաբերվել է բժշկական սրվակ`«Կոդետերպին»-ով, 2 ներարկիչ և փոշենման զանգվածով 2 տոպրակ:
Սկսվել է հետաքննություն:










