ՃՏՀ քննության բաժնի աշխատակիցները կարճ ժամանակում բացահայտեցին մահվան ելքով վրաերթը (ֆոտո, վիդեո)

13:18 • 04.08.12

Այսօր` օգոստոսի 4-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցները հայտնաբերել են օգոստոսի 2-ին Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդին:

 

Ինչպես  tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձը Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ, 27-ամյա Լաերթ Շահբազյանն է:

 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր Գ. Շամշյանը, օգոստոսի 2-ին` գիշերը ժամը 4.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում վրաերթի էր ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական` դիմել փախուստի:

 

Հետիոտնը, որ փողոցն անցել է չթույլատրելի հատվածով, տեղում մահացել էր:

 

Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումը, ինչպես նաև` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցները` բաժնի պետի տեղակալ Կարեն Ստեփանյանի և քննիչ Տիգրան Վարդանյանի գլխավորությամբ:

 

Մինչ Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի աշխատակցները կպարզեին մահացածի ինքնությունը, ՃՏՀ քննության բաժնում ստեղծվեց քննչական խումբ` հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Խմբում ներգրավվեցին նաև քննիչներ Տիգրան Վարդանյանն ու Արսեն Մարգարյանը:

 

Վրաերթից կարճ ժամանակ անց քննչական խումբը օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ վրաերթը կատարվել է կարմիր գույնի «Վազ 2103» մակնիշի, սակայն վերասարքավորված «Վազ 2106» ավտոմեքենայի կողմից:

 

Արդեն երեկոյան ՃՏՀ քննության բաժնում պարզում են մեքենայի համարանիշն ու վարորդի ինքնությունը, ով Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ 27-ամյա Լաերթ Շահբազյան է, ում էլ ավտոմեքենայով բերման ենթարկեցին ՃՏՀ քննության բաժին:

 

Քննիչ Տ.Վարդանյանի հանձնարարականով «Վազ 2103» մակնիշի 65 ԼՕ 505 համարանիշի ավտոմեքենան տեղափոխվեց ՃՈ հատուկ պահպանման տարածք, իսկ վրաերթի հեղինակը ստորագրությամբ ազատ է արձակվել:

 

Այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ` պարզելու համար վրաերթի հետևանքով մահացած անձի ինքնությունը:

 

ՃՏՀ քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:

 

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի