Հայ և թուրք երաժիշտները համատեղ հանդես են եկել Բեռլինում
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացել է հայ և թուրք երիտասարդ սիմֆոնիկ նվագախմբի համերգը` 2000 թ-ից ի վեր անցկացվող Berlin Young Euro Classic փառատոնի շրջանակներում, տեղեկացնում է Hurriyet- ը:
Համերգը բաղկացած է եղել երկու մասից: Առաջին մասում երաժիշտները կատարել են Լյուդվիգ վան Բեթհովենի և Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործությունները:
Երիտասարդական նվագախմբերի բարեկամության միության անդամները հանդես են եղել «Երաժշտության միջոցով քաղաքական արգելքները կարող են հաղթահարվել», «Սա ազդանշան է` ավելի լավ փոխըմբռնման համար» կարգախոսներով:
Ջեմ Մանսուրի ղեկավարած հայ և թուրք երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը համերգի երկրորդ հատվածում նվագել է Ֆերիթ Թյուզինի ստեղծագործությունը, որին դաշնամուրով նվագակցել է հայազգի երաժիշտ Աշոտ Խաչատուրյանը:
Փառատոնին մասնակցում են ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ճապոնիայից, Չինաստանից, Ինդոնեզիայից, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներից:










