5230 ընտրողից 2850-ն արդեն ընտրել են. Թալինում ընտրում են քաղաքապետ
ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ընթացող քաղաքապետի ընտևրութույուններն անցնում են առանց միջադեպերի, իսկ մինչև ժամը 17:00-ը ընտրություններին` 5230 ընտրողից մասնակցել է 2850 ընտրող: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանը:
«Այս պահի դրությամբ կա ակտիվություն, 2850 ընտրողներ արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը: Քաղաքում կան 5230 ընտրողներ, սակայն դեռ 3 ժամ կա ընտրությունների ավարտին»,- ասաց Հ. Ասատրյանը, նշելով, որ կուտակումներ ընտրատեղամասերի առջև եղել են, սակայն միջադեպեր և ընտրախախտումներ չկան, ամեն ինչ անցնում է պատշաճ մակարդակով:
Հիշեցնենք, որ այսօր Թալին քաղաքում ընտրում են քաղաքապետ, քանի որ նախկին քաղաքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Մնացական Մնացականյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելուց հետո այս պաշտոնը թափուր էր մնացել:
Թալինում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է հինգ թեկնածու՝ Սարգիս Արամյանը, Գագիկ Կարապետյանը, Վորոշ Խաչատրյանը, Վազգեն Խաչատրյանն ու Էդվարդ Գրիգորյանը:










