Եգիպտոս-Իսրայել սահմանին ահաբեկչության հետևանքով 15 զինվորական է սպանվել
Եգիպտոսի Ռաֆա քաղաքի շրջանում (Սինայ թերակղզու հյուսիսում) այսօր գիշերը Կարբ Աբու Սալեմ զինվորական հսկիչ-անցագրային կետի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով 15 եգիպտացի զինվոր ու սպա է սպանվել, կա 7 վիրավոր, հայտնում է BBC-ին:
Եգիպտական հատուկ ծառայությունների տվյալներով ահաբեկիչները ՀԱԿ են ժամանել ոստիկաններից առևանգված մեքենաներով: Հարձակման ընթացքում նրանք փորձել են անցնել Իսրայելի տարածք:
Մեքենաներից մեկը պայթել է՝ չհասցնելով անցնել սահմանը, իսկ մյուսը ոչնչացրել է իսրայելական օդուժը:
Նախորդ շաբաթ Իսրայելի իշխանությունները Սինայում բնակվող իրենց հայրենակիցներին կոչ էին արել հեռանալ այնտեղից, քանի որ տվյալներ էին ստացվել պաղեստինցիների կողմից այդ շրջանում իրականացվելիք ահաբեկչությունների մասին:
Այսօր Եգիպտոսի իշխանությունները որոշել են անորոշ ժամանակով փակել ՀԱԿ-ը, որը Եգիպտոսը կապում է Ղազայի հատվածի հետ:
Պարզվել է, որ ահաբեկչություն իրականացրել են «Ալ-Ջիհադ» և «Քավություն և հիջրա» խմբավորումները:
Եգիպտոսի նախագահը հայտարարել է, որ զինվորների սպանության պատասխանատուները անպատիժ չեն մնա: Առաջիկայում Կահիրեում սպասվում է եգիպտական կառավարության արտակարգ քննարկում:










