Մահացել է մեքսիկացի լեգենդար երգչուհի Չավելա Վարգասը

09:35 • 06.08.12

Մեքսիկայում լեգենդ համարվող հանրահայտ երգչուհի Չավելա Վարգասը մահացել է 93 տարեկան հասակում, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով նրա կենսագրի հայտարարությանը, որի համաձայն նա մահացել է «խաղաղ և առանց բողոքելու»:


Վարգասը Կուեմավաչա քաղաքի հիվանդանոց էր տեղափոխվել սրտային և շնչառական խնդիրներով: Նրա բժիշկը պատմել է, որ երգչուհին հրաժարվել է արհեստական միջամտությամբ շարունակել կյանքը:


Վարգասը հռչակ էր ձեռք բերել 1940-50-ական թթ., մասնավորապես՝ «ռանչերա» ոճի կատարումներով՝ հանդես գալով տղամարդու հագուստով: Ընդհանուր առմամբ 80 ալբոմ է թողարկել:


Հայաստանցի հանդիսատեսին առավել հայտնի է 2002 «Ֆրիդա» ֆիլմում իր La Llorona և The Crier երգերի կատարումներով: Ի դեպ, մեքսիկացի հայտնի նկարչուհի Ֆրիդա Կալոն նրա մտերմուհին էր:


Չավելայի կատարումը իր ֆիլմերում բազմիցս օգտագործել է նաև իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը: Վերջինս գրել է. «Չեմ կարծում, թե այս աշխարհում Չավելայի մեծությանը համապատասխան բեմ գոյություն ունի»:

Երգչուհին հայտնի էր նաև Հոլիվուդի աստղերի հետ իր սկանդալային կապերով:


Վարգասը հայտնի էր նաև իբրև գենդերային կարծրատիպերի դեմ պայքարող գործիչ: «Ես երբևէ որևէ բանից չեմ վախեցել, որովհետև ոչ ոքի չեմ նեղացրել»,– ասել էր Վարգասը իր վերջին հայտարարություններից մեկում: