Ճարտարապետների միության նախագահը լուրջ չի վերաբերվում եռակամար շինությանը

11:54 • 02.09.12

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը Երևանի Հանրապետության հրապարակում եռակամար շինություն կառուցելու գաղափարին լուրջ չի վերաբերվում։


Tert.am-ի հետ զրույցում նա բոլոր նրանց, ովքեր դեմ են արտահայտվում կառույցին, վկայակոչելով Ալեքսանդր Թամանյանի նախագիծը, հանգստացնում է՝ նշելով, որ նկարիչ- դիզայներ Էդուարդ Վանեսկեխյանի եռակամար շինության գաղափարն ընդամենն առաջարկ է, որը կարող են նույնիսկ չքննարկել:


«Նախագիծը պետք է քննարկվի ընդհանուր հրապարակի հետ միասին, կամ էլ չգիտեմ էլ թե դա կլինի՞, թե ոչ, լուծումները ո՞նց են, ի՞նչ նպատակ ունի դա անելու: Այդ առաջարկը նույնիսկ կարելի է չքննարկել, որովհետև ամեն մի առաջարկ ո՞նց քննարկենք։ Համ էլ ի՞նչ քննարկելու խնդիր կա»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ Նկարիչ- դիզայներ Էդուարդ Վանեսկեխյանը Երևանի Հանրապետության հրապարակում եռակամար շինություն կառուցելու նպատակով նամակ-առաջարկ է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ըստ նրա նախագծի՝ կամարի կենտրոնում պետք է լինի աշխարհի ամենամեծ գերբը, որը հնարավոր է մտնի Գինեսի Ռեկորդների գրքում, իսկ կամարի ամենավերևում լինելու է ՀՀ եռագույն դրոշը:


Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ Հանրապետության հրապարակի այդ բացը լրացնելու համար հարց չկա բարձրացված, ուղղակի ըստ նրա՝ ճարտարապետներից շատերն իրենց պարտքն են համարում այն լրացնելու համար մի նոր բան նախագծել և ուղարկել քննարկման:


«Երբ Լենինի արձանն ապամոնտաժվեց, դրանից հետո մոտ 4 մրցույթ անցկացվեց այդ տեղի համար և բոլորն էլ ստիպված, որովհետև այդ տեղի համար անընդհատ առաջարկներ են լինում»,– ասաց նա:


«Օրինակ՝ մրցույթների ժամանակ խաչ էին ներկայացրել Քրիստոսի արձանով, ներկայացրել էին Տապան տեղադրել՝ հաղթակամարով»,-ասաց նա և ավելացրեց, որ սա նույնպես հերթական առաջարկն է և ոչ թե որևէ օրենքի պարտավորություն:


Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ իրենց խնդիրն է այդ տեղի համար որևէ բան մտածել, իսկ կողքից նման առաջարկներին անդրադառնալուց չեն խուսափում:


«Եթե առաջարկ է լինում, դա պետք է նայվի ընդհանուր Հանրապետության հրապարակի կոնտեքստով և հրապարակների շղթայով՝ Շահումյան, Մյասնիկյան և այլն: Հիմա մարդն ուղարկել է իր տեսլականը, թե ինչ է ուզում: Դա մեր խնդիրն է, թե ինչ ենք նախատեսում այդ տեղի համար, շատ հնարավոր է, որ այդ տեղն այդպես էլ բաց մնա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մասնագիտական գնահատականին, ապա Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ այդտեղ ճարտարապետական նորություն չկա:


«Նման հաղթակամարներ էլի էին ներկայացրել: Կարծիք չեմ կարող ունենալ, որովհետև այն ինչ արված է, համարյա ճարտարապետության մեջ նորություն չէ: Եռակամարը որևիցե նոր բան չի ասում»,-նշեց նա:


Էդուարդ Վանեսկեխյանի առաջարկը բուռն քննարկվեց սոցիալական ցանցերում: Օրինակ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն իր Facebook-ի էջում առաջարկել էր ճարտարապետական մտքի գոհարները փորձարկելու այլ վայրեր գտնել:


«Նկատի ունենալով վերջին շրջանում Հանրապետության հրապարակի հանդեպ որոշ ճարտարապետների հարաճուն ուշադրությունը, Կառավարության շենքի «լրացման» կամ Լենինի նախկին արձանի վայրում քննարկվող առաջարկները (որոնց վերաբերյալ զերծ կմնամ դիլետանտական կարծիքս հայտնելուց ու կլսեմ մասնագիտական շրջանակներին). այդուհանդերձ կասեմ հետևյալը. Երևանում ու այլուր բազմաթիվ են վայրերը, որտեղ կարող եք փորձարկել ու տեղադրել ձեր ճարտարապետական մտքի գոհարները: Բայց չգիտես ինչու, անբացատրելի համառությամբ, ուզում եք, որ այդ վայրը լինի Հանրապետության հրապարակը` թամանյանական կառույցների հարևանությամբ։ Եթե ձեր գործերը իսկապես ճարտարապետական գոհարներ են, ապա դրանք ցանկացած վայրում էլ կնվաճեն մարդկանց սրտերն ու հոգիները»,– գրել էր նա։