Ֆրանսուա Օլանդը Փոլ Մաքքարթնիին կշնորհի Պատվո լեգեոնի շքանշան

10:26 • 04.09.12

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է հանրահայտ The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնիին պարգևատրել երկրի ամենաբարձր` Պատվո լեգեոնի շքանշանով:

 

Ինչպես նշում է Reuters-ը, հղում անելով նախագահական նստավայրին, շքանշանի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին:

 

Այս շքանշանը սահմանվել է Նապոլեոն Բոնապարտի կողմից, 1802 թ. մայիսի 19-ին, անգլիական ասպետական շքանշանի օրինակով: Շքանշանով պարգևատրվում են Ֆրանսիայի զարգացման համար տարբեր ոլորտներում մեծ ավանդ ներդրած անձինք:

Շքանշանը բարձրացնում է տվյալ անձի հասարակական դիրքը, սակայն որևէ կերպ չի անդրադառնում ֆինանսական կարողության վրա: Պատվո լեգեոնի շքանշանակիրները պարտավոր են 169-700 եվրոյով գնել այն արտոնագրված ոսկերչից:

 

Փոլ Մաքքարթնին ավելի վաղ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի կողմից արժանացել է ասպետի կոչման: