«Խորովածի փառատոն 2012»-ը` Լոռու Ախթալա քաղաքում

16:59 • 05.09.12

Լոռու մարզի Ախթալա քաղաքում սեպտեմբերի 8-ին կազմակերպվելու է արդեն ավանդական դարձած Խորովածի չորրորդ միջազգային փառատոն-մրցույթը:


Այս մասին տեղեկացնում են «Արենի փառատոն» հիմնադրամից:

 

Փառատոնի կազմակերպման նպատակն է` ապահովել հայկական խոհանոցի ավանդական ուտեստների, մասնավորապես, խորովածի մասսայականացումը և տարածումը` հրապարակավ ներկայացնելով այն որպես հայկական խոհանոցի և խոհանոցային մշակույթի անբաժանելի մաս: Փառատոնը միտված է նաև զարգացնելու զբոսաշրջությունը համայնքներում՝ այս պարագայում Ախթալայում, ինչպես նաև, առավելապես ներգրավելով տեղի բնակչությանը՝ ապահովել վերջիններիս զբաղվածությունը:

 

Տեղեկացնենք, որ փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2009թ.-ին, անցած երեք տարիների ընթացքում ձեռք է բերել մեծ մասսայականություն, և հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում. Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում:

 

Հիշեցնենք, որ խորովածի առաջին փառատոնին` 2009թ.-ին, մասնակցել են ութ ռեստորաններ Հայաստանից և 2000 այցելու, անցած տարի 2011թ-ին` Խորովածի երրորդ փառատոնին, մասնակցել 25 ռեստորաններ` Հայաստանից և Վրաստանից, և մոտ 15 000 այցելու աշխարհի տարբեր երկրներից:


Փառատոնի ընթացքում նախատեսվում են մի շարք հետաքրքիր միջոցառումներ, ինչպես՝ խորովածի պատրաստման հետ կապված ողջ գործընթացի ցուցադրում խորովածի տարբեր տեսակների ցուցադրություն-համտես, պրոֆեսիոնալ խորոված պատրաստողների մրցույթ, խաղային մրցույթներ, ազգային երաժշտություն), նկարների ցուցահանդես` հայ նկարիչների մասնակցությամբ:


Փառատոնը կեզրափակվի համերգային ծրագրով, որին կմասնակցեն ‹‹Սասնա ծռեր›› ազգագրական համույթը, ‹‹Հորովել›› երգի և պարի պետական համույթը, ‹‹Լազուր›› ժողգործիքների համույթը, ‹‹Փողային նվագախումբ››-ը, երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Դավիթ Ամալյան և The Beautified Project խումբը:


Միջոցառմանը հրավիրված են նաև ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:


Փառատոնի կազմակերպիչներն են «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը, ««Արենի» Փառատոն» հիմնադրամը, Ախթալայի քաղաքապետարանը և Լոռու մարզի մարզպետարանը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:


«Արենի փառատոն» հիմնադրամից տեղեկացնում մեն, որ փառատոնին մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝


+374 10 55 45 04, + 374 55 31 51 10, +374 91 26 45 95: