Ֆանտաստիկ, լեգենդար և… ֆուտբոլի պես. Ֆիլհարմոնիկը սկսում է նոր համերգաշրջանը
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղ ղեկ՝ և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) սկսում է իր նոր 2012-2013թթ. համերգաշրջանը, որը ավանդաբար կմեկնարկի Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնով (համագեղարվեստական ղեկավարներ` թավջութակահար Ալեքսանդր Չաուշյան և Էդուարդ Թոփչյան):
Ավելի քան մեկ ամիս տևող ամենամյա փառատոնային ծրագիրը կներառի 11 սիմֆոնիկ և կամերային երաժշտության համերգներ: Ելույթ կունենան համաշխարհային երաժշտական ասպարեզի մի շարք հռչակավոր անուններ: Ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս, հրավիրյալ մենակատարները նաև վարպետության դասեր կանցկացնեն Հայաստանի երիտասարդ երաժիշտների համար:
Որպես մենակատարներ հանդես կգան նաև Ֆիլհարմոնիկի առաջատար երաժիշտները: Վերջիններիս շարքում այս տարի համալրում կա՝ ի դեմս իսպանացի գալարափողահար Էնրիկ Կամարասա Կիֆրեսի: Պատասխանելով նրա հետ կապված լրագրողներին հուզող հարցերին՝ մաեստրո Թոփչյանը նկատեց, որ իսպանացի երաժշտին Ֆիլհարմոնիկը միայն տուն է ապահովել (ինչն ավելի էժան է, քան կոլեկտիվի որևէ անդամի վարձավճարը), իսկ մնացած ծախսերը հոգում են հովանավորները, ինչից անձամբ ինքը տեղյակ չէ: Թոփչյանն ասաց, որ դա նորմալ է, վկայակոչելով, որ արտասահմանյան որևէ նվագախմբում մի երաժիշտը մյուսի աշխատավարձի մասին միայն մոտավոր պատկերացում ունի, իսկ նվագախմբի անդամներից յուրաքանչյուրի պայմանագիրը անհատական է և ամենևին հավասար վարձավճար չի ենթադրում: Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարը նկատեց, որ դա նման է ֆուտբոլում առկա սկզբունքին. «Նորմալ է, որ Մեսիի հոնորարը գուցե ավելի բարձր է, քան «Բարսելոնայի» շատ խաղացողներինը՝ գուցե միասին վերցրած»:
Չավուշյանն էլ նկատեց, որ թեկուզ տեղացիներին տրվող վճարներից բարձր հոնորարով արտասահմանցի երաժիշտների հրավիրելը ընդունված պրակտիկա է բոլոր նորմալ երաժշտական կոլեկտիվներում, և նման բան չի արվում թերևս միայն Ադրբեջանում: Կիֆրեսը Ֆիլհարմոնիկի հետ կաշխատի առաջիկա սեզոնին:
Անդրադառնալով փառատոնի ծրագրին՝ Թոփչյանը նկատեց, որ մի տեսակ հոբելյանական է լինելու այս տարի և «նվիրումներով»: Բացվելու է Ալեքսանդր Հարությունյանի և Օհան Դուրյանի հիշատակին նվիրված կատարումներով և ամփոփվելու լեգենդար Միշել Լեգրանի 80-ամյա հոբելյանի համերգով: Սպասվում է նաև հայազգի լեգենդար կոմպոզիտորի մասնակցությունը այս միջոցառմանը: Սեպտեմբերի 10-ին՝ սեզոնի բացմանը կկատարվեն Հարությունյանի «Տոնական նախերգանքը» և «Շեփորի կոնցերտը»: Կկատարվի նաև Բեռլիոզի «Ֆանտաստիկ սիմֆոնիան», որը կնվիրվի արդեն Օհան Դուրյանի հիշատկին: Թոփչյանն այս առիթով ասաց, որ Դուրյանին համարում է թերևս ամենալավ հայազգի դիրիժորը: Իսկ հենց «Ֆանտաստիկ սիմֆոնիան» նրա հիշատակին նվիրելու առիթով ասաց, որ տասնամյակներ առաջ Հայաստան գալով՝ Դուրյանն այստեղ առաջին անգամ այս գործն է կատարել: Դա եղել է նաև մաեստրո Դուրյանի ամենասիրելի երաժշտական օպուսը:
Հագեցած փառատոնային ծրագիրը կներառի նաև 2 հատուկ նշանակության երեկո. մասնավորապես` սեպտեմբերի 29-ին տեղի կունենա համերգ` նվիրված Գերմանիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Իսկ սեպտեմբերի 20-ին ծրագրված համերգը Ֆիլհարմոնիկը սիրով կնվիրի ՀՀ անկախության 21-ամյակին:










