Հասմիկ Կարապետյանի և ԴերՀովայի «Անհնարը» երգի տեսահոլովակը` YouTube–ում (տեսանյութ)
Երգչուհի Հասմիկ Կարապետյանի և երգահան ԴերՀովայի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Անհնարը» երգի հիման վրա, այսօրվանից հասանելի է նաև YouTube-ում:
Խոսքերի և երաժշտության հեղինակը Հասմիկ Կարապետյանն է, իսկ ԴերՀովան հանդես է եկել ոչ միայն որպես երաժշտական պրոդյուսեր և գործիքավորող, այլև երգիչ: Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է:
Tert.am-ի հետ զրույցում երգչուհի Հասմիկ Կարապետյանը նշեց, որ ինչպես նախկինում այս դեպքում ևս փորձել է գնալ նորարարությունների հետևից:
«Յուրաքանչյուր նորամուծությանը շատ շուտ եմ համաձայնում և ընդառաջ գնում, անկախ նրանից, թե ի՞նչ կմտածի հանրությունը»,- ասաց նա և ավելացրեց, որ, իհարկե, կան սահմաններ, որոնք ինքը երբեք չի անցնի:
«Ես երբեք չեմ անցնի վուլգարի սահմանները, ինչը չեմ սիրում արվեստում, բայց կոնկրետ այս ոճի հետ կապված ես սիրով համաձայնեցի հանդես գալ ԴերՀովայի հետ»,- երգչուհին:
Հասմիկ Կարապետյանը նաև մանրամասնեց, որ համագործակցության առաջարկը եղել է ԴերՀովայի կողմից. «Երբ ԴերՀովան ինձ առաջարկեց, ես ականջներիս չէի հավատում, որովհետև նա եղել է գործիքավորող, երաժշտական պրոդյուսեր, բայց ոչ երգիչ: Որպես երգիչ հանդես գալը շատ համարձակ քայլ էր նրա կողմից, ինչին ես դրական արձագանքեցի և կանգնեցի նրա կողքին»:
Հասմիկ Կարապետյանը նշեց, որ այդ երգը «dubstep» ոճում է, որը էլեկտրոնային երաժշտության տարրեր է պարունակում, և արդեն մոդայիկ է ամբողջ աշխարհում:
Տեսահոլովակի ռեժիսորի ընտրությունը, Հասմիկ Կարապետյանի խոսքով, պատահական չէր՝ ելնելով երգի ոճից:
«Որոշեցիք այս դեպքում համագործակցել Սերժ Գաբյանի հետ, որովհետև դատելով իր տեսահոլովակներից, կարելի էր հասկանալ, որ նա մեր պես է մտածում, այսինքն՝ չի վախենում համարձակ կերպարներ դրսևորել»,- ասաց Հասմիկ Կարապետյանը:
Tert.am-ի հետ զրույցում տեսահոլովակի ռեժիսոր Սերժ Գաբյանը նշեց, որ տեսահոլովակում մեծ դեր է ունեցել հենց երգը. «Երաժշտությունը, որը նորություն էր մեզ համար, հուշեց ընդհանուր տեսահոլովակը: Երգն ու երաժշտությունն օգնեց գնալ այնտեղ, որտեղ ընդհանրապես չէի գնացել»:
Ըստ ռեժիսորի՝ տեսահոլովակում տարբեր մշակույթների տարրեր կան, որը նույնպես երաժշտությունն է թելադրել։
«Երգի մեջ կան չինական և ճապոնական մեղեդիներ, որը կերպարում ավելի շատ գեյշա է հիշեցնում»,-նշեց նա:
Տեսահոլովակը, նրա խոսքով, հենց արտիստների՝ Հասմիկ Կարապետյանի և ԴերՀովայի կողմից առաջարկվել է ոչ փող աշխատելու միջոց ծառայեցնելու համար։
«Խնդիրն ի սկզբանե ինչպես դրված էր, այդպես էլ ստացվել է: Եթե այլ կերպ առաջարկվեր, երևի մենք այդպես էլ կնկարեինք, բայց այս դեպքում չենք մտածել կոմերցիոն կլինի՞, թե՞ ոչ, կամ կսիրե՞ն բոլորը, այլ մտածել ենք ստեղծել մի տեսահոլովակ, որն ավելի շատ արվեստի կողմն է տանում, քան կոմերցիայի: Համոզված եմ, որ շատերին դուր կգա»,- ասաց ռեժիսորն ու խոստովանեց, որ կատարած աշխատանքից գոհ է:










