«Հայաստանի փոքրիկ երգիչներ»–ը վերադարձել է Ճապոնիայից (տեսանյութ)

13:04 • 10.09.12

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, Ճապոնիայի 18 քաղաքներում եզրափակելով 40-օրյա համերգային շրջագայությունը վերադարձել, է Հայաստան:


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը հիշեցրեց, որ համերգային ծրագիրը նվիրված էր հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 20, Հայ գրատպության 500–ամյակներին, ինչպես նաև ՅՈւՆԵՍԿՕ–ի կողմից Երևանը` 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն:


«Հրավերքը ստացել ենք «Մին-Օն» կազմակերպության կողմից, որը տարեկան 1000 համերգներ է կազմակերպում: Համերգներին ընդգրկում են արտերկրից եկող միայն այն երաժշտներին ու երգչախմբերին, որոնք միջազգային ճանաչումից բացի, կարգով բարձր են ճապոնական նմանատիպ կատարողներից: Սա այն նպատակով է, որպեսզի իրենք սովորեն»,- ասաց Տիգրան Հեքեքյանը և ավելացրեց, որ նույն կազմակերպությունն ունի 8000 երգչախումբ:


Մաեստրոն նշեց, որ համերգներն անցել են Ճապոնիայի լավագույն համերգասրահներում, որոնք բոլոր ելույթներին լեփ-լեցուն է եղել:


«Տասնվեց համերգ ունեցանք և 6 հանդիպում երկուական երգչախմբերի հետ: Իրենց երգչախմբերի համար իրենց, իսկ խոսքերով՝ մեծ պատիվ էր: Վեց հատ ճապոներեն երգ էինք տարել, համերգը երեխաները վարում էին ճապոներեն՝ ինչ երգ է, ով է հեղինակը»,-ասաց նա:


Համերգային հաջողություններից բացի երգչախմբի գեղարվեստական ղեկավարը խոսեց նաև ընդունելությունից և Ճապոնիայում անցկացրած ժամանակից:


«Համերգներն անցկացնելու համար հյուսիսից հարավ երկու անգամ կտրել ենք: Երեխաները ոչ միայն համերգներ են տվել, այլ շրջագայել են։ Շատ հանդիպումներ են ունեցել տեղի երգչախմբերի հետ»,- պատմեց նա:


Ասուլիսին ներկա երգչախմբի երեխաները նույնպես կիսվեցին իրենց տպավորություններով, որոնք հիմնականում վերաբերում էին ճապոնացիների վերաբերմունքին:


«Մեզ համար երկարատև շրջագայությունը մեծ փորձություն էր, որը հաղթահարել ենք պատվով ճապոնացիների վերաբերմունքի շնորհիվ նաև: Նրանք չափազանց ջերմությամբ էին մեզ վերբերվում»,- ասաց Հռիփսիմե Մուրադյանը։
Փոքրիկ երգչուհի Հասմիկ Մովսիսյանն իր հերթին ասաց, որ իրենք ոչ միայն հայկական արվեստը տարան, այլ նաև առնչվեցին ճապոնական բավական զարգացած մշակույթին:


Երգչախմբի մեկ այլ անդամ Անուշ Սահակյանի խոսքով՝ ճապոնացիները արտաքուստ զուսպ են թվում, սակայն չափազանց ջերմ են ու հոգատար:


Տիգրան Հեքեքյանը նշեց, որ բավական թանկ շրջագայությունը եղել է ոչ թե ՀՀ պետբյուջեի, այլ հրավիրող կողմի հաշվին. նրանք հոգացել են բոլոր ծախսերը, ներառյալ ապահովագրությունը: