ԱՄՆ-ից թավջութակահար Տիգրան Մարտիկյանը՝ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնում

11:57 • 10.09.12

ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի անհատ կատարողների օրերի շրջանակներում շարունակվում են համերգները, որտեղ իրենց մասնակցությունն են բերում աշխարհի տարբեր երկրներում կայացած, մեծ համբավ վայելող և ճանաչված հայազգի երաժիշտներ:


Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից:


Երևանյան համերգները լավագույն հնարավորություն են հայաստանյան հանդիսատեսի համար` ճանաչելու եւ գնահատելու Հայրենիքից դուրս ապրող և ստեղծագործող մեր հայրենակիցների աշխատանքները և ձեռքբերումները:

 

Սեպտեմբերի 11-ին, ժ.19:00 Կամերային երաժշտության տանը կկայանա ԱՄՆ-ից թավջութակահար Տիգրան Մարտիկյանի և Հայաստանից հայտնի ջազային կատարողների համատեղ համերգը:



Տեղեկացնենք, որ Տիգրան Մարտիկյանն կրթություն է ստացել Տիգրան Չուքաջյանի անվան երաժշտական դպրոցում, որտեղ 1980-1988թթ. սովորել է թավջութակի բաժնում: Դպրոցն ավարտելուց հետո 1991թ. ընդունվել է Լոս-Անջելեսի անվան Քոլեջ (LACC), այս անգամ` դաշնամուրի բաժին և երկու տարի անց շարունակել ուսումը USC (university of Southern California) համալսարանի` ջազային բաժնում:


Տիգրանն իր երաժշտական գործունեությունը սկսել է վաղ հասակից: 12 տարեկանում նա ակորդեոն էր նվագում` մասնակցելով մի շարք երաժշտական միջոցառումների:

 

Սովորելու ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և գովասանագրերի, այդ թվում նաև` լեգենդար ջազմեն Չիկ Կորեայի կողմից: Տիգրանը համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում (այդ թվում Նյու-Յորքի Կարնեգի և Հոլ համերգասրահներում) և Եվրոպական մի շարք երկրներում:

 

Այժմ, Տիգրանը ապրում և աշխատում է Լոս-Անջելեսում: Նաև կոմպոզիտոր է: Տիգրանի գրած երաժշտությունը «Let's go Dance» կատարվել է Նյու-Յորքում:

 

Երաժշտություն է գրել մի շարք ամերիկյան կարճամետրաժ կինոնկարների համար: Այժմ աշխատում է նոր ջազային ձայնասկավառակի վրա, որը կկոչվի «My home town Armenia»: