Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը ելույթ է ունեցել Մոսկվայում
Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) 10 տարվա ընդմիջումից հետո կրկին ելույթ է ունեցել Մոսկվայում, հայտնում է Культура հեռուստաալիքը:
Համերգը տեղի է ունեցել Մոսկվայի Կոնսերվատորիայի Մեծ համերգասրահում: Կոլեկտիվին նվագակցել է Մոսկվայի Սիմֆոնիկ նվագախումբը (խմբավար՝ Պավել Կագան):
Աղբյուրը նշում է, որ հայկական երգչախմբին համաշխարհային ճանաչում է բերել «հայ երգահան Կոմիտասի ստեղծագործությունների և հոգևոր երաժշտության կատարումը»:
Մոսկվայում, սակայն, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը կատարել է Շուբերտի, Բեթհովենի, Օրֆի, Վերդիի ստեղծագործությունները:
Համերգը նվիրվել է Հայկական ԽՍՀ մշակույթի նախկին նախարար, արտաքին գործերի նախկին նախարար, դիվանագետ Կամո Ուդումյանի 85-ամյակին, ով կնքել է իր մահկանացուն նախորդ տարի:










