Դուդուկի փառատոնին մասնակցելու համար Երևան են ժամանել 10 դուդուկահարներ՝ 5 երկրներից
Սեպտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացել է ասուլիս՝ Իմ Հայաստան փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանի, «Անհատ կատարողների օրեր» համերգաշարի գեղարվեստական ղեկավար Լիլիթ Դանիելյանի և Դուդուկի փառատոնի գեղարվեստական ղեկավար Գևորգ Դաբաղյանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից, ասուլիսը 2 նպատակ ուներ՝ ամփոփել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում կազմակերպված «Անհատ կատարողների օրեր» համերգաշարը և ներկայացնել Դուդուկի համահայկական փառատոնը, որի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում:
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանի ներկայացմամբ՝ հայ հանդիսատեսը հրաշալի հնարավորություն է ունեցել անցած մի քանի օրերի ընթացքում վայելել Եվրոպայում և Ամերիկայում նշանակալի գործունեություն ծավալած հայազգի երաժիշտների կատարումները:
Ասուլիսին ներկա էին նաև Անհատ կատարողների օրեր համերգաշարի մասնակիցները՝ Սոնա Տալյանը Գերմանիայից, Տիգրան Մարտիկյանը ԱՄՆ-ից, Սուրեն Բարին Կանադայից: Նրանք շնորհակալություն են հայտնել ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ երկար տարիների ընդմիջումից հետո հայրենիքում համերգներով հանդես գալու հնարավորության ստեղծման համար:
Դուդուկի փառատոնի գեղարվեստական ղեկավար Գևորգ Դաբաղյանը պարզաբանել է, որ տարբեր երկրներից ժամանած հայ դուդուկահարները ելույթներ կունենան Գյումրիում Գավառում, սեպտեմբերի 17-ին Երևանում Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոնում պլանավորված համերգը նվիրված կլինի մեծանուն դուդուկահար Վաչե Հովսեփյանին:
Արդեն իսկ ժամանել են շուրջ 10 դուդուկահարներ՝ 5 երկրից: Փառատոնին մասնակցելու են նաև տարբեր տարիքային խմբերի կատարողներ Հայաստանից: Կատարումներով հանդես կգան հանրահայտ, աշխարհահռչակ երաժիշտներ, ինչպես նաև՝ նոր անուններ:
Գևորգ Դաբաղյանի խոսքով՝ «Այս փառատոնը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ հայկական ծիրանափողի պարագայում պիտի հիշենք անցյալը, ապրենք ներկայով՝ ապագայում հաջողություններ գրանցելու համար»:
Փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, երաժշտասերները կունկնդրեն դուդուկը՝ նոր երաժշտական լուծումներով և այլ գործիքների համադրությամբ: Ասուլիսի հյուրերը՝ Մարտին Ղազարյանը, Սարո Դանիելյանը և Գագիկ Գասպարյանը, լրագրողներին կենդանի կատարում նվիրեցին:










