«Համաշխարհային ժառանգության քաղաքներ»–ի ընդհանուր ժողովը կանցկացվի Էջմիածնում
Էջմիածնում հոկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության ընդհանուր ժողով և տնօրենների խորհրդի նիստ. այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը։
Նա հիշեցրեց, որ 2011թ-ից Էջմիածինը և Գորիս քաղաքները դարձել են կազմակերպության լիիրավ անդամներ։ Երևանն ավելի վաղ է ընդգրկվել կազմակերպությանը:
Ըստ Կարեն Գրիգորյանի՝ «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպությունը ներառում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված 238 քաղաք, որոնք ներկայացվել են իրենց քաղաքապետերի կողմից:
Կազմակերպության ընդհանուր ժողովը նույնպես քաղաքապետերն են ներկայացրել իրենց քաղաքում անցկացնելու առաջարկով, որոնցից ընդունվել է Էջմիածնի առաջարկը:
Ի դեպ, այս դեպքում նույնպես Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները դեմ են արտահայտել և փորձել են խոչընդոտել որոշմանը:
«Կազմակերպությունում թուրք և ադրբեջանցի քաղաքապետերը հակահայկական գործունեության են դիմել: Թուրքիայից մի քանի քաղաք է ընդգրկված, իսկ Ադրբեջանից միայն Բաքուն է: Նրանք միասնական մեկ դեմքով հանդես եկան, շատ լուրջ դիմակայություն սկսվեց, հարցեր ուղղվեց կազմակերպչին, սակայն առաջարկը հաստատվեց»,- ասաց նա:
Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի նախագահ Ազատ Վարդանյանն ասաց, որ մեծ պատիվ է, որ առաջին անգամ նիստն անցկացվում է Հայաստանում:
«Միաժամանակ Էջմիածին են ժամանելու տասը քաղաքապետեր՝ Վիեննայից, Չիլիից, Էկվադորից, նաև խորհրդի անդամներ, գլխավոր քարտուղարը: Սա շատ լավ առիթ է Հայաստանը ներկայացնելու և այդ քաղաքների հետ համագործակցելու»,- ասաց նա:










