Կոմիտաս վարդապետի արժեքավոր ձեռագրի համար անհրաժեշտ է 7000 ԱՄՆ դոլար. կոմիտասագետ

18:41 • 14.09.12

Անձը, ով ցանկանում է անհայտ մնալ, վերջերս կոմիտասագետ Արթուր Շահնազարյանին 7000 ԱՄՆ դոլարով առաջարկել է կոմիտասյան մի շատ արժեքավոր ձեռագիր, որը կարող է օգնել գտնելու Կոմիտաս վարդապետի կորած համարվող արժեքավոր ձեռագրերի հետքերը:

Այս մասին Tert.am –ի հետ զրույցում հայտնեց Արթուր Շահնազարյանը՝ տեղեկացնելով, որ կոմիտասյան ձեռագրերով տետրը բերված է Ռուսաստանից:

Նրա փոխանցմամբ՝ պահանջվող գումարը ձեռք բերելու համար արդեն դիմել է «չորս-հինգ տեղ» և սպասում է պատասխանի:

Հայաստանյան մշակույթի փոքրաթիվ մեկենասներից մեկից Արթուր Շահնազարյանն արդեն իսկ մերժում է ստացել, այն «հիմնավորմամբ», թե Կոմիտասն իրենց «ճյուղը չէ»:

Արթուր Շահնազարյանն արժեքավոր այդ նյութը պատրաստվում է ձեռք բերել և նվիրել Կոմիտասի դիվանին:

Հարցին, թե, արդյո՞ք, կոմիտասագետը դիմել է Մայր Աթոռին, վերջինս ասաց.«Լավ հուշեցիք, մտքովս չէր անցել»:
Արթուր Շահնազարյանն անհանգստացած է, որ դանդաղկոտությունը կամ ավելորդ աղմուկը կարող են հանգեցնել նրան, որ ձեռագիրը վաճառող անձը Հայաստանից հեռանա և այն վաճառի օտարներին:

«Մի անգամ էլ նման բան եղավ, անձը վաճառել է Կոմիտասի ձեռագրերը, ինչը հայերը չեն գնել: Մի անգամ էլ Անգլիայում՝ հայրը վաճառել է, բայց չեն գնել, իսկ հոր մահից հետո տղան՝ տունը վերանորոգելիս , այդ ձեռագրերը նետել է աղբը»,-ասաց կոմիտասագետը:

Նշենք, որ գրող Խաչիկ Մանասելյանի բլոգում որոշ կրճատումներով տեղադրված է Արթուր Շահնազարյանի դիմումը հայ ժողովրդին:

«Հայտնի է, որ Կոմիտասի որոշ գործեր փրկվել են նրա աշակերտների և այլոց շնորհիվ: Օրինակ՝ նրա մի աշակերտի արտագրության շնորհիվ պահպանվել է Կոմիտասի «Տետր երաժշտության» աշխատությունը, որի բնօրինակը կորած է, և այն առաջին անգամ հրատարակել եմ ես 1989 թվականին («Մշակույթ» ամսագիր N 1. նախաբանը և ծանոթագրությունները՝ Ա. Շահնազարյանի), իսկ երկրորդ հրատարակությունը՝ «Կոմիտաս Վարդապետ. Ուսումնասիրութիւններ և յոդուածներ» գրքում (գիրք Ա, էջ 137):


Խորհրդային տարիներին Կոմիտասի դիվանը (արխիվը) դասակարգում և հրատարակում էր ճանաչված երաժշտագետ Ռոբերտ Աթայանը: Նա ինձ պատմում էր, որ Փարիզից ուղարկված կոմիտասյան ձեռագրերը հասնում էին Հայաստան Մոսկվայում ստուգվելուց հետո միայն, և անհայտ պատճառներով այդ նյութերի մի մասը մինչ օրս մեզ չի հասել: Դրա ապացույցն այն փաստն է, որ Կոմիտասի ձեռագրերը Փարիզից ուղարկվել են հաջորդաբար համարակալված ծրարներով»,- գրել է Արթուր Շահնազարյանը՝ հավելելով, որ Հայաստան հասնելուց հետո պարզվել է, որ չկան N 5, 6 ծրարները:
Ձեռագրերի մի մասն էլ, ըստ Արթուր Շահնազարյանի՝ կորել է Պոլսի պատրիարքարանի մեղքով, «քանի որ այդ ձեռագրերը նվիրել են տարբեր մարդկանց՝ իբրև «հիշատակ Կոմիտաս Վարդապետից» և այլն»:

Մինչև վերջերս կորած են համարվում նաև Կոմիտասի խազաբանական ձեռագրերը, խազերի բանալու գյուտը: Սակայն 2001 թ. Արթուր Շահնազարյանն այդ ձեռագրերն ի մի բերել և հրատարակել իր «Խազերի կոմիտասյան վերծանության հայտնությունը» գրքում:


Իսկ այսօր հայտնվել է մի նոր նյութ՝ կրկին պահպանված արտագրության շնորհիվ: Արտագրողը կոմիտասյան ձեռագրերը հայտնաբերել է 1944 թվականին Կոմիտասի մտերիմ մարդու՝ 82 տարեկան մի կույր ծերունու մոտ և գնել է դրանք: Հետո նա այդ մասին տեղյակ է պահել ինչ-որ պետական մարմնի: Այդ նյութերից «խառը» արտագրել է 30 էջ, ներկայացրել է և ասել, որ հարկ եղած դեպքում կարող է ներկայացնել նաև ամբողջական գործեր:


«Հայտնի չէ, թե այդ ձեռագրերի մնացած մասը ինչ է եղել, քանի որ Կոմիտասի դիվանում դրանք չկան»,-գրել է Արթուր Շահնազարյանը և հավելել, որ առաջարկվող ձեռագրերով տետրի արժեքը հենց նրանում է , որ նրանում նշում է կորած ձեռագրերի հետքը և հնարավորություն է տալիս գտնելու Կոմիտասի այլ ձեռագրերը («նշված ամբողջական գործերը»):