Համազգային թատրոնի շենքի կառուցման համար հայտարարվել է մրցույթ. Նարեկ Սարգսյան

17:42 • 14.09.12

Առաջարկված տարածքում Համազգային թատրոնի շենքի կառուցման համար հայտարարվել է մրցույթ, սակայն վերջնական որոշում չկա. այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:


Նշենք, որ թատրոնի համար առաջարկվել է տարածք՝ Մաշտոցի պուրակի դիմացի մայթում գտնվող «Մալիբու» սրճարանի հարևանությամբ, ինչը հարուցել է քաղաքացիական հասարակության և որոշ ճարտարապետների դժգոհությունը. նրանք պահանջում են թատրոնի շենքը կառուցել ոչ թե հանրային սեփականություն հանդիսացող տարածքի հաշվին, այլ որևէ այլ վայրում:

 

«Հոկտեմբերի 1-ից արդեն առաջարկներ կլինեն և բաց ֆորմատով կքննարկվեն: Եթե տեսնենք, որ այդ նախագծերի իրականացման արդյունքում մեծ ծավալով հանրային տարածք է օգտագործվելու, բնականաբար, կմերժենք, և այլ տարբերակով կփորձենք լուծել Համազգային թատրոնի խնդիրը»,- ասաց նա:


Նարեկ Սարգսյանը նաև նշեց, որ Երևանի քաղաքապետարանը շահագրգիռ է Երևանում ունենալ մշակութային կառույցներ և խրախուսում է ցանկացած նման հայտ:


Ըստ նրա, Համազգային թատրոնի նախագծից բացի, կառուցվելու է Հրանտ Մաթևոսյանի թանգարանը, Կոմիտասի թանգարանը և նմանատիպ այլ կառույցներ: