Խաչվերացը՝ տարվա 5-րդ տաղավար տոնը, կնշվի այս կիրակի

12:31 • 15.09.12

Այս կիրակի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնի տարվա վերջին՝ 5-րդ տաղավար տոնը՝ Սուրբ Խաչը կամ Խաչվերացը: Տեր Եսայի քահանա Արթենյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այսպես ներկայացրեց տոնի պատմական հիմքը. «614թ.-ին պարսից թագավոր Խոսրով 2-ը գերեվարեց խաչը և տարավ Պարսկաստան: 621թվականին Հերակլ Կայսրը զորքով գնում է Պարսկաստան և հետ վերադարձնում խաչը: Հայերը ևս մասնակից են եղել այս պատերազմին: Հետ գալու ճանապարհին խաչը բարձրացնում և ցույց են տալիս ժողովրդին: Հենց այստեղից էլ գալիս է տոնի անվանումը՝ Խաչվերաց՝ այսինքն խաչը վեր բարձրացնել: Նպատակը մեկն էր, որ մարդիկ տիրոջ խաչը երկրպագեն»,- ասաց քահանան և ավելացրեց, որ խոսքը հոգևոր երկրպագության մասին է, ոչ՝ նյութական:


Տեր Եսային նաև նշեց, որ առավոտյան՝ տոնի առիթով, բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում, իսկ երեկոյան կատարվում է խաչի թափոր:


«Խաչը մենք զարդարում ենք հիմնականում ռեհաններով, քանի որ այն ընկալվում է որպես արքայական ծաղիկ, ինչպես նաև, այլ ծաղիկներով: Դրանք օրհնվում և բաժանվում են հավատացյալներին: Խաչի շուրջ բոլորը հավաքվում է թափորը»,- ասաց քահանան:


Ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանը, ով ևս ներկա էր ասուլիսին, նշեց, որ տոնի ժողովրդական արարողակարգը կազմված է հիմնականում ուխտագնացություններից. «Ուխտագնացները հիմնականում գնում էին Սյունյաց աշխարհի եկեղեցիներ՝ Տաթևի Վանք, Ծիծեռնավանք, Սուրբ Գևորգի վանք: Կատարվում էին մատաղի արարողություններ, ընդունված է եղել ուլեր մատաղ անելը՝ ուլերին թոնիր էին իջեցնում, տակը դնում ձավար, որը եփվում էր նրա յուղով: Դա է պատճառը, որ հաճախ տոնը կոչում էր նաև ուլնոց»,- ասաց ազգագրագետը:

 

Հարցին, թե ինչո՞ւ են այսօր՝ տոնի օրը, մարդիկ այցելում գերեզմանատներ և, փաստորեն, տոնը նշում են հիմնականում նրանք, ովքեր ննջեցյալներ ունեն, Տեր Եսային պատասխանեց, թե դրա հիմնական պատճառը այն է, որ ժամանակի ընթացքում, հոգևոր առումով, դաշտը բաց է մնացել. «Հատկապես կոմունիստական տարիներին եկեղեցին երկար տարիներ չի կարողացել կազմակերպել իր աշխատանքը: Խաչվերացի օրը ժողովրդական ավանդույթները պահպանվել են այնքանով, որքանով դրանց մասին մարդիկ լսել են: Չեն եղել այնպիսի մարդիկ, ովքեր կարողանան ժողովրդին ուղղորդել: Խաչվերացը ոչ մի կապ չի ունեցել միայն ննջեցյալների հետ: Սա բոլորի տոնն է»,- ասաց քահանան և ավելացրեց, որ հանգուցյալներին կարելի է այցելել միայն տոնի հաջորդ օրը: