Հին Նորքը հայտնվել է ուսանող ճարտարապետների ու իտալացի դասախոսների ուշադրության կենտրոնում
Նորք-Մարաշ վարչական շրջանի Հին Նորք թաղամասն ուսումնառության նպատակով հայտնվել է ուսանող ճարտարապետների ու նրանց իտալացի դասախոսների ուշադրության կենտրոնում: Այս մասին հենց Հին Նորքի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Մշակութային զարգացման հայ-իտալական ծրագրի» լրատվական հարցերով պատասխանատու Դիանա Գրիգորյանը՝ հավելելով, որ Հայաստանում իրականացվում է հայ-իտալական մշակութային զարգացման ծրագիր՝ կազմված 9 մասերից: Դրանցից է նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում «Մաստեր» երկամյա դասընթացի անցկացումը, որին մասնակցում են 30 հայ ուսանողներ: Դասախոսություններ են կարդում Իտալիայից ժամանած ճարտարապետներ:
«Ծրագրի նպատակն է հայ երիտասարդներին ուսանել և ծանոթացնել իտալական փորձին: Թեման հիմնականում վերաբերում է հուշարձաններին և դրանց վերականգմանը: Կան նաև որմնանկարներին, հնագիտությանը վերաբերող դասընթացներ՝ իրենց գործնական և տեսական մասերով»,- ասաց Դիանա Գրիգորյանը և ավելացրեց, որ ծրագրի ավարտին նախատեսվում է ուսանողների այցելություն Իտալիա:
Միլան քաղաքի Պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Ռաֆաելա Սիմոնելին նշեց, որ Հին Նորք թաղամասը թեև մոտ է մայրաքաղաքի կենտրոնին, սակայն առանձին յուրահատուկ համակարգ է և հենց դրանով աչքի է ընկնում. «Ամենահետաքրքիրը մեզ համար այն է, որ քաղաքի այս հատվածը ավելի նման է գյուղական միջավայրի: Այն պահպանել է իր յուրահատուկ կոլորիտը, որը անհետացել է մյուս թաղամասերում: Սա արդեն մեզ համար բացահայտում է՝ հատկապես, որ եկել ենք Իտալիայից: Մենք այստեղ սկսել ենք ուսումնասիրություններ իրականացնել մարտ ամսից»,- ասաց նա:
Միլանի նույն բուհի մեկ այլ դասախոս Մարիա Քրիստինա Ջոն Բրունոնը նշեց՝ Նորքն ունի այն բոլոր առանձնահատկությունները, որոնք անհրաժեշտ են ուսումնառությունը լավ կազմակերպելու համար:
Ծրագրում ուսումնառություն անցնող ուսանողուհի Նանա Քալանթարյանը, թեև չթերագնահատեց հայ դասախոսներին, բայց միաժամանակ նշեց. «Ճարտապետության և շինարարության պետական համալսարանում մենք չունենք մի միասնական ծրագիր, որպեսզի անցնենք ճարտարապետության վերականգնում: Այս դասընթացների ընթացքում ուսումնասիրում ենք շենքերի վերականգնումը և այն մեթոդները, որոնցով աշխատում են իտալացիները: Նրանց փորձառությունը ոլորտում ավելի մեծ է և շատ լավ մասնագետներ ունեն»:
Ուսանողուհին նաև նշեց, որ բացի մասնագետներ պատրաստելուց անհրաժեշտ է բարձրացնել հասարակության գիտակցությունը: Ըստ նրա, Նորքում կան 19-րդ դարի շինություններ, որոնք թեև հուշարձաններ չեն, բայց դրանք քանդել չի կարելի:
«Նորքում այս պահին ինչ-որ կազմակերպություն քանդել է 19-րդ դարի շինությունները և նոր հաստատություն է կառուցում: Պետք է կարողանանք այդ շենքերը պահպանել, քանի որ դրանք մեր պատմությունն են և մեր ապագա սերունդներն էլ դրանք տեսնելու հնարավորություն պետք է ունենան: Հասարակության գիտակցությունը բարձրացնելու համար կարծում եմ, անհրաժեշտ է բարձրացնել կրթության մակարդակը»,- ասաց Նանա Քալանթարյանը և ընդգծեց, որ հին մշակույթը պահպանելու իմաստով իտալացիների ու հայերի գիտակցության մակարդակները տարբերվում են:










