Սկսվել են Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման ակտիվ աշխատանքները

16:56 • 18.09.12

Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել են Թբիլիսիի ամենահին՝ Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնողական աշխատանքները. եկեղեցու տարածքն արդեն երեսպատված է, իսկ այսօր սկսվել են վերանորոգման ակտիվ աշխատանքները, Tert.am-ին այս մասին տեղեկացրեց Թբիլիսիի հայկական ասամբլեայի համակարգող, «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը:


Նա նշեց, որ աշխատանքներն իրականացվում են հայերի ու վրացիների համատեղ ջանքերով: Հիմնականում եկեղեցու վրա աշխատում են հայեր՝ Հայաստանի ու Վրաստանի:


Հարցին, թե ով է հետևում, որ վերականգնողական աշխատանքների ընթացքում չտուժեն եկեղեցու ճարտարապետական առանձնահատկությունները, նա պատասխանեց, որ, նախևառաջ, դրան հետևում է եկեղեցին։


«Առաջին հերթին եկեղեցին է հետևում դրան, քանի որ նա առաջին հերթին է հետաքրքրված, որ չտուժի ճարտարապետությունը՝ եկեղեցու շենքի յուրահատկությունը: Աշխատանքներին հետևում են նաև հայկական հասարակական կազմակերպություններ»,-ասաց նա և ընդգծեց, որ եկեղեցու վերականգնողական աշխատանքների պլանը կազմելիս՝ մասնակցել են հայ ճարտարապետներ:


Առնոլդ Ստեփանյանը տեղեկացրեց, որ եկեղեցու վերականգնողական աշխատանքներն իրականացվում են Սուրբ Գևորգի վերականգնման բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ:


«Գումարները հավաքվում են աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերի շնորհիվ՝, այսինքն` հայերն են ֆինանսավորում»,-ասաց նա:


Եկեղեցու վերականգնողական աշխատանքները նախատեսված է ավարտել 2 տարվա ընթացքում:


Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1251 թ-ին մեծահարուստ հայ առևտրական Կարինցի Ումեկի կողմից, ով բնակություն է հաստատել Թիֆլիսում 13-րդ դարի սկզբներին:


Հետագայում եկեղեցին վերանորոգվել է 17-րդ դարում: Այն գտնվում է Վախթանգ Գորգասալի հրապարակի հարավ-արևմտյան անկյունում: Եկեղեցու դիմաց գտնվում է մեծ հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի գերեզմանը: