Ամերիկացի գիտնականն արվեստի գործեր է ստեղծում կենդանի բակտերիայով (լուսանկարներ)

17:05 • 19.09.12

Ամերիկացի միկրոկենսաբան Զաքարի Քոփֆերը վերջերս բավական հետաքրքիր անցում է կատարել կենսաբանությունից դեպի……արվեստ, մասնավորապես՝ նկարչություն, գրում է «Օդիթի Սենթրալ»-ը:

 

Քոփֆերը ստեղծում է ականավոր մարդկանց դիմանկարները` օգտագործելով E.coli կոչվող բակտերիան, ինչի արդյունքում ստեղծագործելու նրա մեթոդը կոչվել է բակտերիոգրաֆիա:

 

Լուսանկարի ստեղծման նրա մեթոդն ուղղակի աննախադեպ է, քանի որ լուսազգայուն թղթեր, քիմիական նյութեր կամ թանաք օգտագործելու փոխարեն, նա կիրառում է միայն կենդանի E.coli բակտերիան:

 

Իրականում Ցինցինատի համալսարանի գիտնականը վերահսկում է բակտերիայի աճը, ինչի արդյունքում ծնվում են արվեստի զարմանալի գործեր:

 

Ցանկալի արդյունքին հասնելու համար Քոփֆերը նախևառաջ E.coli-ին վերածում է լուսարձակող պրոտեինի և տարածում այն նկարչական թիթեղի վրա: Դրանից հետո այն լուսանկարի նեգատիվը, որը գիտնականը ցանկանում է ստանալ բակտերիայի միջոցով, տեղադրվում է թիթեղի վերևում և ենթարկվում ճառագայթման, ինչի արդյունքում բակտերիան սկսում է աճել:

 

Երբ լուսանկարի կրկնօրինակումը բարեհաջող ավարտվում է, այն պատվում է ակրիլով ու խեժով: