Մենք հայերս ենք դուդուկի համաշխարհային մշակույթի կրողը. Սփյուռքի նախարար
ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական ծրագրի շրջանակներում առաջին անգամ անցկացվող Դուդուկի փառատոնը եզրափակեց «Իմ Հայաստան» փառատոնը, որը շարունակվեց 5 ամիս:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարությունից, փառատոնի ընթացքում հայրենիքում ելույթներով հանդես եկան ավելի քան 3000 մասնակից, ովքեր կայացել ու հաստատվել էին այլ երկրներում և տարիներ շարունակ հնարավորություն չէին ունեցել ելույթ ունենալ հայաստանյան բեմերում: Փառատոնը միավորել էր բացառիկ արվեստագետների:
Դուդուկի փառատոնը Հայաստան էր բերել շուրջ 10 անվանի դուդուկահարների՝ աշխարհի տարբեր ծայրերից: Փառատոնի մասնակիցները համերգներ ունեցան ոչ միայն մայրաքաղաքում այլև Գյումրիում և Գավառում:
Դուդուկի փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ դուդուկահարներին նվագակցում էր Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ: Ցուցադրված վավերագրական ֆիլմում արժևորվեցին են այն հայ կատարողները, ում ստեղծագործությունները հնչում են աշխարհահռչակ ֆիլմերում, հիշատակվեցին բոլոր ժամանակների երախտավոր կատարողները:
Ելույթ ունեցան արտերկրից ժամանած և հայաստանցի դուդուկահարներ: Ժողովրդական երգերի կատարմամբ հանդես են եկել Գուրգեն Դաբաղյանը, Եվա Թաշչյանը, Հայկուհի Բաբախանյանը: Համերգի վերջում հնչել է սփյուռքից ժամանած դուդուկահարների համատեղ խորհրդանշական կատարումը:
Ասմունքով հանդես եկան սիրիահայ Սալգիս Բալխյանը և Անուշ Նագաշյանը:
Փառատոնի ավարտին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա հպարտությամբ փաստել է, որ մենք՝ հայերս ենք դուդուկի համաշխարհային մշակույթի կրողը: Նախարարը կոչ է արել փառաբանելու դուդուկի վարպետներին, ում միջոցով դուդուկը համաշխարհային անուն է վայելում, հնչում է աշխարհի բեմերում, և ովքեր այսօր իրենց շուրջը համախմբում են այն երիտասարդներին, որոնք դուդուկը տանում են դեպի հավերժություն:
Դիմելով Դուդուկի փառատոնի մասնակից կատարողներին՝ նախարարը նշել է. «Շնորհակալ եմ, որ ընդունեցիք Սփյուռքի նախարարության հրավերը՝ միասին փառաբանելու դուդուկը: Այսպիսով դուք դարձաք նաև փառատոնի հիմնադիրները մի բեմում, որտեղ միախառնվում են հայրենիքն ու սփյուռքը»:
Նախարարն «Իմ Հայաստան» փառատոնի մասնակցության հավաստագրեր և խորհրդանշական նվերներ է հանձնել բոլոր մասնակիցներին՝ հույս հայտելով կրկին հանդիպել 2014 թվականին ծրագրված հերթական «Իմ Հայաստան» փառատոնին:










