Եղիշե Չարենցի և Մհեր Մկրտչյանի արձանները՝ Շառլ Ազնավուրի հրապարակի նստարաններին (լուսանկարներ)
Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում այսօր տեղադրվեցին հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի և հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի արձանները, որոնք «տեղավորվեցին» նստարանների եզրին՝ տեղ թողնելով նաև մեր մեծերի կողքին նստել ցանկացողների համար:
Մհեր Մկրտչյանը երևանցիներին է ներկայանում «01-99» ֆիլմում իր կերտած հայտնի հերոսի տեսքով՝ տակառիկը ձեռքին, գլուխն էլ վիրակապ արած: Նրա արձանը՝ համապատասխան նստարանով, տեղադրված է «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, իսկ Եղիշե Չարենցի արձան-նստարանը՝ նախկին «Երևան» հյուրանոցի՝ ներկայիս «Գոլդեն Թյուլիպ»-ի դիմաց է:
Tert.am-ի հետ զրույցում Քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշեց, որ վայրերն ընտրվել են հայ մեծերի նախասիրությունները հաշվի առնելով. «Օրինակ՝ «01-99» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ Եղիշե Չարենցը սիրում էր հ՛ենց այդ վայրում շատ ժամանակ անցկացնել, ինչն էլ հաշվի է առնվել»,- ասաց նա:
«Մեր հանճարները մեր կողքին են՝ Երևան քաղաքում» նախագիծն, ըստ նրա, այս երկու արձաններով չի սահմանափակվի. «Մինչև հոկտեմբերի 14-ը Երևանի տարբեր վայրերում կտեղադրվեն առաջին փուլով նախատեսված արձանները՝ թվով 9 արձան: Այդ ցանկում ընդգրկված են մշակույթի տարբեր ոլորտներ ներկայացնող մեր հանճարները՝ Մինաս Ավետիսյանը, Հրաչյա Ներսիսյանը և այլք: Բոլոր փակագծերը չեմ ցանկանում բացել, թող անակնկալ լինի մեր բնակիչների համար»,- ասաց նա և հավելեց՝ առաջին փուլի դրական արձագանքի դեպքում ծրագիրը շարունակական կլինի:
Արազ Բաղդասարյանը նշեց, որ սա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նվերն է՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների և Անկախության 21-րդ տարեդարձին ընդառաջ:










