Բրիտանական թանգարանը կվերստեղծի Պոմպեյի վերջին օրերը

18:46 • 21.09.12

Հաջորդ տարի Լոնդոնում կվերստեղծվի հին հռոմեացիների առօրյա կյանքը, երբ Բրիտանական թանգարանին փոխանցվեն կործանված Պոմպեյ և Հերկուլանում քաղաքների պահպանված նմուշները, հայտնում է The Independent-ը:

 

Ցուցահադեսը կբացվի գարնանը, որտեղ կցուցադրվեն մ. թ. 79-ին Վեզուվ հրաբխի ավերիչ ժայթքման հետևանքով կործանված երկու քաղաքների շուրջ 250 գանձերը:


Թանգարանի տնօրեն Նեյլ ՄըքԳրեգորը նշել է, որ ցուցահանդեսում կներկայացվի ծաղիկների և գարնան աստվածուհի Ֆլորայի հայտնի որմնանկարը:

 

Սա առաջին անգամ է, երբ Բրիտանական թանգարանն այս երկու քաղաքների վերաբերյալ ցուցադրություն է կազմակերպում։ Կներկայացվեն նաև նոր գտածոներ և նմուշներ, որոնք երբեք չեն բացակայել Իտալիայից:

 

ՄըքԳրեգորը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը «նոր լույս կսփռի Պոմպեյի վրա»՝ թույլ տալով տեսնել, թե ինչպես են հասարակ մարդիկ ապրել հրաբխի ժայթքման ժամանակաշրջանում:

 

«Այս երկու քաղաքներն անսպասելիորեն անմահացան … Դա նույնն է, թե հանկարծ ժամանակակից Բրիտանիայից մնային միայն Բրայթոնը և Հովը: Ահա թե որն է ամենազարմանալին, երբ պատահական ընտրության արդյունքում երկու ոչ ականավոր վայրեր կարող են դառնալ ողջ քաղաքակրթության կրողները»,- ասել է նա:

 

Առաջին անգամ ներկայացվող ցուցանմուշների շարքում են մարմարե ռելիեֆային աշխատանքներ, որոնք պեղվել են 2009թ.-ին, փորագրված փղոսկրյա վահանակներ, կավե առարկաներ:

 

Ցուցահանդեսի համարգող Փոլ Ռոբերթսը կարծիք է հայտնել, որ այն որոշակի պատկերացում կտա երկու քաղաքների վերաբերյալ, որոնցից մեկը ծովային հանգստավայր էր, իսկ մյուսը՝ արդյունաբերական կենտրոն: «Դրանք արտասովոր քաղաքներ չեն, ահա թե ինչու են նրանք կարևոր, դրանք պարզապես արտասովոր վախճան են ունեցել»,- ասել է նա: