Ոչ մի նորանկախ պետություն միանգամից զարգացում չի ունենում. Ռուզաննա Սիրունյան
Ոչ մի նորանկախ պետություն առաջին տասնամյակներին միանգամից զարգացում չի ունենում, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նման համոզմունք հայտնեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Արամ Խաչատրյան համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը՝ հիշեցնելով, որ Խորհրդային միության տարիներին դրական փոփոխություններն ակնառու դարձան շատ ավելի ուշ՝ միայն 60-70-ականներին:
«Սովետական Միությունն իր ստեղծման շրջանում լավ վիճակում չէր և բոլոր այն դրականը, որ տեսանք, դրանք ավելի ուշ էին: Նշանակում է, որ 50 տարի հետո մեր պետությունում շատ ավելի լավ փոփոխություններ են լինելու»,- ասաց նա:
Նա խոսեց անկախության տարիներին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի արձանագրած հաջողություններից. «Անկախության վերջին 5 տարիներին բավականին բաներ փոխվել են, սկզբում, եթե սիմֆոնիկ նվագախմբի 13 տոմսից ավելի էր վաճառվում, դա նշանակում էր, որ համերգը կայանալու է: Այսօր շատ է փոխվել, դասական համերգներին մեծ թվով նաև երիտասարդներ են գալիս»,- ասաց նա:
Ռուզաննա Սիրունյանը հիշեցրեց, որ Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախումբը 87 տարեկան է և նոր սերնդի ներկայացուցիչներով է մուտք գործել նոր քսանամյակ.«Նվագախումբը երիտասարդացել է, նաև երիտասարդ է գլխավոր դիրիժորը: Մենք արդեն 6 –րդ տարին է, որ անցկացնում ենք դասական երաժշտության փառատոն: Մեր հաջողությունների մասին խոսում են նաև դրսից եկած մեծանուն երաժիշտները: Նրանք զգում են, թե ինչքան առաջընթաց ունի Ֆիլարմոնիկը»,- ասաց նա և ավելացրեց, որ իրենք, նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ ամեն ինչ անում են, որպեսզի չբավարարվեն միայն հիշատակված լավ գործերով և իրենց տեղն ունենան նաև համաշխարհային նվագախմբերի շարքում:
Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախմբի տնօրենը խոստովանում է, որ կան նաև թերություններ ու խնդիրներ, և դրանցից առաջնայինը գործիքների բացակայությունն է. «Արդեն մի քանի տարի է, որ գործիքների խնդիր ունենք: Բացի այդ, դասական գործիք նվագողները բավականին պակասել են»:
Այս խնդիրը լուծելու համար Ռուզաննա Սիրունյանը տեղեկացրեց, որ Էդուարդ Թոփչյանը մտադրություն ունի երաժշտական ակադեմիա ստեղծելու և նոր տաղանդավոր երեխաներ բերելու ասպարեզ:










