Բելգիահայ ջութակահարի տեսահոլովակը YouTube-ի առաջատար է (տեսանյութ)

17:41 • 23.09.12

Բելգիայում բնակվող հայ ջութակահար Հրաչյա Ավանեսյանը Trilogy խմբի կազմում հաջող տեսահոլովակ է թողարկել՝ Քվենտին Տարանտինոյի պաշտամունքային «Քրեական ընթերցվածք» ֆիլմի սաունդթրեքի ջութակային կատարման հիման վրա:

 

Հայտնի գործի ջութակով վարիացիան YouTube-ում հայտնվել է սեպտեմբերի 15-ին և արդեն մոտ 450 000 դիտում է գրանցել:

 

Անցած տարի հունիսին Ավանեսյանը լայն շրջանակներին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ դիմեց ՀՀ իշխանություններին՝ հայրենիքում զինապարտության հետ կապված իր խնդիրները լուծելու խնդրանքով, որպեսզի կարողանա մասնակցել Չայկովսկու անվան միջազգային մրցույթին՝ ներկայացնելով Հայաստանը:

 

Բարդագույններից համարվող մրցույթի հանձնաժողովը 300 կատարողների շարքից ընտրել էր Ավանեսյանին՝ 20 այլ կատարողների շարքում:

 


26-ամյա Հրաչյա Ավանեսյանը բանակում չծառայելու ու արտասահման գնալու պատճառով գտնվում էր հետախուզման մեջ և Ռուսաստան մտնելու իրավունք չուներ, որտեղ կայացավ մրցույթը: ՀՀ իշխանությունները ի վերջո ընդառաջել էին երիտասարդ ջութակահարին՝ նրան տարկետում տալով, սակայն մրցույթին մասնակցել չէր հաջողվել: