Իրանը կբոյկոտի՞ 2013թ.-ի «Օսկար»-ը հակաիսլամական ֆիլմի պատճառով

15:50 • 24.09.12

Իրանցի պաշտոնյա Ջավադ Շամաղդարին կոչ է արել երկրի կառավարությանը բոյկոտել 2013թ.-ին կայանալիք հանրահայտ «Օսկար» մրցանակաբաշխությունը, ինչը կապված է Մուհամեդ մարգարեին ծաղրող ամերիկյան ֆիլմի հետ, գրում է The Guardian-ը:

 

Իսլամական հանրապետության կառավարության կողմից վերահսկվող կինեմատոգրաֆիայի գործակալության ներկայացուցիչ Շամաղդարին հայտարարել է, որ Իրանը պետք է խուսափի մշակութային մեծ նշանակություն ունեցող այս միջոցառմանը մասնակցությունից:

 

Նա նաև խնդրել է իրանական արտադրության ֆիլմերն «Օսկար»-ին ներկայացնող հանձնաժողովին ետ վերցնել մասնակցության իրենց դիմումը, քանի որ այն արդեն 2 ֆիլմ է ընտրել ամենամյա հոլիվուդյան մրցանակաբաշխությանը ներկայացնելու համար:

 

Շամաղդարին նաև հավելել է, թե, քանի դեռ «Օսկար»-ի կազմակերպիչները չեն քննադատել աղմկահարույց «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը, Իրանը չպետք է մասնակցի այդ մրցանակաբաշխությանը: