Դաղստանում հայկական հուշարձաններից քիչ բան է պահպանվել. Սամվել Կարապետյան

12:17 • 24.09.12

Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը, ով նոր է վերադարձել Դաղստան կատարած 12-օրյա շրջայցից, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այնտեղ հայկական հուշարձաններից շատ քիչ բան է մնացել։


«Շատ բան չէր պահպանվել, ինչ էլ պահպանվել է՝ կարևոր է. գերեզմանոցներ, եկեղեցիներ և բնակելի շենքեր»,- ասաց նա և մանրամասնեց, թե հայկական համայնք ունեցող յուրաքանչյուր բնակատեղիում ինչ են տեսել:


«Ղզլարում 3 եկեղեցի և մեկ վանք էր եղել, որոնք խորհրդային տարիներից ոչնչացված են: Հին լուսանկարները տեսանք երկրագիտական թանգարանում: Այստեղ կար միայն գերեզմանոց և նաև հայապահպան շենքեր, որոնք մեզ հիշեցնում էին Աբովյան փողոցի շենքերը»,– ասաց նա:


«Մախաչկալայում, նախկին Պետրովսկում, 19-րդ դարի Պողոս-Պետրոս եկեղեցին գոյություն ունի, սակայն վերածվել է առևտրասրահի, վաճառողները անկեղծ զարմանում էին, որ եկեղեցում են առևտուր անում»,- պատմեց նա։


Սամվել Կարապետյանը նաև նշեց, որ հայերն այստեղ ունեն գերեզմանոց, որը քաղաքային ընդհանուր գերեզմանոցի մի անկյունն էր: Ըստ հուշարձանագետի՝ միայն 1820-ականներին թվագրված տապանաքարերին էր հայերեն գրված, դրանից հետո արդեն միայն ռուսերեն էր:


Սամվել Կարապետյանը նկատեց, որ Դերբենտում իրենք հույս ունեին, որ հին հուշարձաններ կտեսնեն, սակայն նրանց հույսերը չարդարացան:


«Այստեղ կար միայն մի մզկիթ, որը նախկինում հայկական եկեղեցի է եղել: Եկեղեցին գրականությունից հայտնի է, որը սակայն դարձել է մզկիթ, որը տեղի տասնյակ մզկիթներից ամենից հինն էր»,– ասաց նա:


«Ես որքան էլ փորձեցի հասկանալ, թե եկեղեցին ո՞ր հատվածում էր, չկարողացա, անճանաչելի էր»,- բացատրեց նա և նշեց, որ Դերբենտում քաղաքի մեջ էր նաև Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը մի քանի անգամ վերակառուցվել էր։


«Բարեկարգ վիճակում էր, սակայն այն վեր էր ածվել քաղաքի պատմական թանգարանի»,- ասաց նա՝ հավելելով, որ տեղի հայությունը բավական անտարբեր էր, և այստեղ կիրակնօրյա դպրոց չկար:


Դերբենտում ըստ նրա, պահպանվել են Օրբելյանց և Սարուխանյանց գերդաստանների տները: Սակայն այս տներն այժմ պատկանում են ադրբեջանցիներին են, ովքեր սվաղել են պատերին եղած հուշագրությունները:


Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի նախագահը նշեց, որ հին հուշարձաններ գտնելու իրենց սպասումները արդարացան միայն Դերբենտ գյուղի 17-րդ դարի գերեզմանոցում:


«Տապանաքարերից երևում էր, որ տեղի հայությունը մեծ աշխարհագրություն ընդգրկող տեղանքներից են եկել: Չափազանց օրինակելի գերեզմանոց էր, մինչդեռ Ղզլարում հակառակ պատկերն էր: Արձանագրություններ ունեցող հին տապանաքարերը կույտ-կույտ էին արված»,- բացատրեց նա:


Սամվել Կարապետյանը նկատեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունում պետք է բարձրաձայնել հայկական հուշարձանների պահպանության խնդիրը:


«Բայց ամեն դեպքում ճիշտ կլինի Հայաստանի ներկայությունը, որը դաղստանաբնակ հայերը որևէ ձևով չեն զգում, իրենց ուժը չի հերիքում՝ ամենագլխավորը լեզուն պահպանելու, արմատներին հավատարիմ մնալու: Սա միայն Հայաստանը կարող է անել»,- ավելացրեց նա: