Սեքս, թմրանյութեր և հայհոյանք. «Հարի Փոթեր»-ի հեղինակը գիրք է գրել մեծահասակների համար

11:52 • 25.09.12

«Հարի Փոթեր»-ի մասին գրքերի հեղինակ, բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը նոր ստեղծագործություն է հեղինակել: Այս անգամ՝ մեծահասակների համար, գրում է NY Daily News-ը:

 

Ռոուլինգի «Թեթև արձակուրդ» նոր գիրքը «համեմված է» սեքսի տեսարաններով: Չի շրջանցվել նաև թմրանյութերի մասին, իսկ այդ ամենի մասին հեղինակը գրել է հայհոյախառն լեզվով, այնպիսի լեզվով, որը, աղբյուրի բնորոշմամբ, «կստիպեր կարմրել «Հարի Փոթերի» հերոսներին»:

 

Ռոուլինգի՝ մեծահասակների համար առաջին վեպը վաճառքում կհայտնվի հինգշաբթի: 512 էջանոց գիրքն արդեն 3-րդ ամենապահանջվածն է Amazon-ում:

 

Սպասվող քննադատությանն ընդառաջ 47-ամյա Ռոուլինգը հարցազրույց է տվել New Yorker-ին, որում ասում է. «Ես երբևէ ինձ չեմ զգացել ձեր երեխաների դայակ կամ ուսուցչուհի: Ես գրող եմ և գրելու եմ այն, ինչ ուզում եմ»:

 

1997-ից ի վեր «Հարի Փոթեր»-ից ստացած գումարներով Ռոուլինգն այժմ 900 մլն դոլարանոց կարողություն է տնօրինում: