Տեղի կունենա Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնը
«Արվեստների Պատկերասրահ» Մշակութային Հիմնադրամը` ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ, ներկայացնում է Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնը:
Փառատոնի անվանումն ամբողջությամբ արտահայտում է դրա նպատակը` մի տանիքի տակ համախմբել Հայաստանի և արտերկրի դասական երաժշտության հայ կատարողներին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է վերջին երկու տասնամյակում արտասահմանում ստեղծագործող մեր հայրենակիցների` Հայաստան այցելությանն աջակցելու և իրենց կատարումներով` դասական երաժշտության հմայքը հայ հասարակությանը ներկայանալու նվիրական գործին սատարելու հարցում:
Արդեն վեցերորդ տարին`այս փառատոնը մեր երկրի զավակներին հայրենիք է բերում աշխարհի տարբեր անկյուններից: Փառատոնի մասնակիցների թվում են հանրահայտ հայ երաժիշտներ Ֆրանսիայից, Իսրայելից, Դանիայից և Գերմանիայից:
«Դասական երաժշտությունը կարևոր է մարդու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար: Որպես Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր և կորպորատիվ պատասխանատու քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեծ կարևորություն է տալիս հայաստանյան հասարակության գեղագիտական դաստիարակությանը և բազմակողմանի զարգացմանը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Մենք պետք է նպաստենք մեր հասարակությունում դասական երաժշտության մասսայականացմանը, հատկապես` երիտասարդների շրջանում: Չէ՞ որ դասական երաժշտությունն է ի զորու ընդլայնելու մարդու` շրջապատող աշխարհի ամբողջ գեղեցկությունն ըմբռնելու և գնահատելու ունակությունը: Երաժշտությունը կարող է հարստացնել մարդու կյանքը և օգնել տեսնելու աշխարհը նորովի», - ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:
Մշակույթի ոլորտում սերտ համագործակցությունը գործունեության հիմք ընդունելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է արվեստի տարբեր բնագավառներում` երաժշտության, պարի, թատրոնի և ազգային հպարտության աղբյուր և հայի ազգային ինքնության հիմք ծառայող այլ ասպարեզներում իրականացվող ծրագրերին:










