Բնապահպանները դեմ են Կոմիտասի զբոսայգում Կոմիտասի թանգարանի կառուցմանը
Բնապահպան Սիլվա Ադամյանը (ձախից 1-ինը) և հրապարակախոս, հասարակական գործիչ Կարինե Հակոբյանը (ձախից 2-րդը) դեմ են Կոմիտասի անվան զբոսայգում կառուցվելիք Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքային համալիրի նախագծին:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նրանք հայտարարեցին, թե Կոմիտասի անունը շահարկելով, կրկին քաղաքից կտրվում են վերջին այգու պատառիկները: Ուստի զգուշացնում են, որ այդ շենքը չի կառուցվելու ծառերի և այգու հաշվին:
«Այգուց պատառ պոկելով, այս անգամ էլ շահարկվում է Կոմիտասի անունը: Մենք օր օրի հեռանում ենք Կոմիտասից: Պանթեոնում Կոմիտասի թանգարան ենք դնում՝ Կոմիտասից վերջնական հեռանալու համար»,- ասաց Կարինե Հակոբյանը:
Նա նշեց, որ այսօր բազմաթիվ մշակութային շենքեր կան, որոնք սեփականաշնորհվել են և յուրացվել, ուստի առաջարկում է կա՛մ այդ շենքերը ետ վերադարձնել և համապատասխան կառույցին ծառայեցնել, կա՛մ էլ այլ տարածքներ գտնել:
Կարինե Հակոբյանը՝ ասուլիսին ներկա քաղաքապետարանի ներկայացուցիչ, ճարտարապետ Արբակ Վարդանյանից խնդրեց տեղեկացնել՝ ի՞նչն է ստիպել, որ այդ կառույցը հե՛նց Պանթեոնում կառուցվի։
«Միայն չասեք, թե Կոմիտասի նկատմամբ վերաբերմունքից դրդված, կամ գիտության նկատմամբ ունեցած պարտավորությամբ, քանի որ մենք գիտենք, թե Կոմիտասի անվան կոնսերվատորիան ի~նչ օրի է, և գիտությունն ինչպես է ֆինանսավորվում»,- ասաց Կարինե Հակոբյանը:
էկոլոգ Սիլվա Ադամյանը նույնպես նկատեց, որ իրենք թանգարանի կառուցմանը դեմ չեն, ուղղակի՝ ոչ այգու հաշվին: Նա հարցրեց, թե ինչո՞ւ այս նախագծի մասին էկոլոգները տեղյակ չեն եղել, այն դեպքում, երբ իրենք համագործակցում են քաղաքապետարանի հետ, այլ տեղեկացել են միայն մամուլից:
Քաղաքապետարանի ներկայացուցիչ, ճարտարապետ Արբակ Վարդանյանի խոսքով՝ կառույցն ամբողջությամբ այգու հաշվին չի կառուցվելու։
«2010 թ-ից այստեղ եղել է մշակույթի պալատ կառուցելու նախագիծ, և նոր կառույցը գոյություն ունեցող շինության կողքն է ավելացվելու: Այգու սահմանները ճշտվել են, դա այգու տարածք չէ, մեծ ծառեր այդտեղ չկան, հնարավոր է մի քանի ծառ կտրվի»,– ասաց նա՝ ավելացնելով, որ ասաց նա և նշեց, որ շինությունը կառուցվելու է ոչ պետական գումարների հաշվին, այլ բարեգործության:










