Արագածոտնում տեղի կունենա «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» եզրափակիչ փառատոնը
Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում հոկտեմբերի 6-ին` ժամը 12.00-ին, կկայանա «Էպոսի օր» խորագրով միջոցառումների եզրափակիչ տոնակատարություն-փառատոնը, տեղեկացնում են Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։
Միջոցառումը կանցկացվի «Ազգային էպիկական ժառանգության պահպանության ու հանրահռչակման միջոցառումներ` «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված փառատոնի անցկացում. ապրիլ-հոկտեմբեր - 2012 թ. » ծրագրի շրջանակներում։
«Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված 2-րդ փառատոն փառատոնը մեկնարկել է ս.թ. ապրիլից, որի շրջանակներում իրականացվել են նախատեսված մի շարք միջոցառումներ։
Մասնավորապես` ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում անցկացվել է «Էպոսն ու ես» շարադրության օլիմպիադա (երկու փուլով), «Ձենով Օհան» ասմունքի մրցույթ, էպոսյան թեմաներով դասախոսություններ, սեմինարներ, գրադարանային ցուցադրություններ, մարզի ինքնագործ ազգագրական երգի-պարի համույթների, թատերական խմբերի փոխայցեր, հյուրախաղեր, էպոսի առանձին դրվագների բեմադրություններ և այլ միջոցառումներ։
Հրատարակվել և հանրակրթական դպրոցներին ու գրադարաններին են բաժանվել «Սասնա ծռեր-պատառիկներ» գիրքը, էպոսյան հերոսների պատկերներով տետրեր, հուշաթերթեր:
Եզրափակիչ տոնակատարության ժամանակ բոլոր մրցույթներում հաղթող ճանաչված անձանց կհանձնվեն մրցանակներ ու պատվոգրեր:










