Ուրֆայում ավարտվել է հայ վարպետների կառուցած 1000-ամյա աշտարակի վերակառուցումը
Շանլըուրֆայում (Ուրֆա) ավարտվել է հայ ճարտարապետների կառուցած «Մահմութօղլուի աշտարակ»-ի վերակառուցման աշխատանքները, որոնք իրականացվում էին քաղաքապետարանի պատվերով:
Քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` մոտ 1000 տարվա պատմություն ունեցող և տարիների ընթացքում էական վնասներ կրած աշտարակի վերակառուցման աշխատանքները տևել են մոտ 2 տարի:
Այժմ վերակառուցված աշտարակը ծառայելու է որպես քաղաքի պատմության թանգարան: Այն համարվում է Ուրֆայում կանգուն մնացած միակ աշտարակը:
Աշտարակի արևելյան կողմում` բարձրության վրա տեղադրված երեք քարերի վրա հայերեն գրություններ կան: Հինգ տողից բաղկացած գրությունը պատմում է աշտարակը կառուցողների մասին:
1122-1123թթ. կառուցված աշտարակը «Մահմութօղլուի աշտարակ» անվանումն ստացել է Մահմութօղլուների տոհմին պատկանելու պատճառով:










