Երևանում կանցկացվի «Դարձ առ գիրք» գրքարվեստի 3-րդ միջազգային փառատոնը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և «Հայ գրքի կենտրոն» մշակութային միությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ արդեն երրորդ անգամ իրականացնում են «Դարձ առ գիրք» խորագրով գրքարվեստի միջազգային փառատոն։
Ըստ Մշակույթի նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ փառատոնը նպատակ ունի մեկ անգամ ևս արժևորել գիրքն ու ընթերցանությունը , մշակութային երկխոսությունների միջոցով կամրջել տարբեր ազգերի արվեստն ու մշակույթը:
Փառատոնն անցկացվում է հայ գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանու ներքո:
Փառատոնը կանցկացվի ս/թ հոկտեմբերի 1-25-ը, Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում եւ հյուսիսային պողոտայում, ինչպես նաեւ քաղաքի այլ վայրերում:
Ծրագիրը ներառում է բազմաբնույթ միջոցառումներ եւ ակցիաներ. գրքի ցուցահանդես-վաճառք, սեմինար-քննարկումներ, դասախոսությունների շարք, կլոր սեղաններ՝ հայ և օտարազգի գրողների մասնակցությամբ, գրքերի շնորհանդեսներ, «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեքիաթների ընթերցանության շարք (ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ, բացօթյա ակցիաներ (գրաֆիտի, պատկերապատում, արվեստի ֆիլմերի գիշերային ցուցադրում), հոգևոր երաժշտության համերգ, նկարչական մրցույթ-ցուցահանդես, թատերականացված շոու՝ կենդանի տիկնիկների մասնակցությամբ եւ այլն:
Բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 3-ին՝ ժամը 15:00, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հարթակում, իսկ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 17:00-24:00, Հյուսիսային պողոտայում Արտբրիջ գրախանութը կազմակերպում է «Գիրքը պատերից դուրս» խորագրով ցուցահանդես-վաճառք:










