Հանդիսատեսն անգամ բեմում էր. Երևանում կայացել է Եվգենի Կիսինի համերգը

12:57 • 28.09.12

«Երևանյան հեռանկարներ» 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 27-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում ելույթ ունեցավ ժամանակակից ամենամեծ երաժիշտներից մեկի համարումն ունեցող ռուսաստանցի դաշնակահար Եվգենի Կիսինը:

 

Հայաստանցի երաժշտասերները Կիսինի համերգին սպասել էին 10 տարի և դեռ համերգից ժամեր առաջ սկսել են հավաքվել Օպերայի թատրոնի տարածքում: Համերգասրահն առավելագույնս լեփ-լեցուն է եղել. հանդիսատեսը ստիպված է եղել «տեղավորվել» անգամ բեմում:

 

Ծրագրում եղել է Հայդեն, Բեթհովեն, Շուբերտ, Լիստ, սակայն հանդիսատեսը բաց չի թողել Կիսինին առանց բիսի: Կիսինի այս համերգից ստացված հասույթը տրամադրվելու է բարեգործական նպատակներով:

 

41-ամյա Կիսինը համարվում է նաև Հայաստանի բարեկամը, առաջին անգամ մեր երկրում ելույթ է ունեցել 1984-ին: Երաժիշտը պատմել է, որ շոկ է տարել 1988-ի երկրաշարժի ժամանակ: Նա նաև սկզբունքայնորեն չի գնում Թուրքիա, քանի դեռ այդ երկիրը հերքում է Հայոց ցեղասպանության փաստը: