Երևանում շուտով կտեղադրվեն նաև Պարույր Սևակի, Տիգրան Պետրոսյանի և ևս 5 մեծերի արձանները
Առաջիկա տասնհինգ օրում Մհեր Մկրտչյանի՝ արդեն հայտնի «տակառիկով արձանի» քանդակագործ Սուրեն Մելքոնյանի հեղինակմամբ յոթ արձաններ ևս կտեղադրվեն Երևանում: Այս մասին նա այսօր հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Քանդակագործը միայն երկու կերպարների դեպքում բացեց փակագծերը: Այս երկու կերպարներն են` Պարույր Սևակը և Տիգրան Պետրոսյանը, որոնք նույնպես լինելու են նստարաններին նստած: Քանդակագործն ասաց, որ կլինի նաև մի շատ հայտնի շատ հայտնի ֆիլմի հերոս:
Խոսելով Մհեր Մկրտչյանի կերպարանավորած Գարսևանի արձանին և տակառիկին վնաս հասցնելու մասին, քանդակագործն ասաց, որ դրա մեջ ինքը դիտավորություն չի տեսնում: Ավելին, կարծում է, որ Ֆրունզիկի կերպարին շատ սիրելուց է ստացվել:
«Միամիտ է ստացվել, նկարվում են, շփվում են, գրկախառնվում են, միամիտ մի բան է եղել, մտածելով բրոնզ է, վնասել են»,- ասաց քանդակագործը` այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Միևնույն ժամանակ նա տարակուսեց, թե ինչպես է արձանը կոտրվել, քանի որ, ինքը չլինելով ֆիզիկապես թույլ մարդ, չի կարողացել արվեստանոց բերված արձանի բեկորները կոտրել:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ երեկոյան հայտնի դարձավ, որ անհայտ անձը կոտրել էր Մհեր Մկրտչյանի արձանի հայտնի ատրիբուտը` տակառիկը, ինչից հետո արձանը տարվել էր հեղինակի արվեստանոց` վերանորոգման:
Արվեստագետը վերլուծել է և հասկացել է, որ միգուցե տակառիկն է պատճառը, «Տակառիկդ տուր» հոգեվիճակում: Այսինքն` «ուզեցել են գինի խմել»:
Ամեն դեպքում, Սուրեն Մելքոնյանը այստեղ ինչ-որ ճակատագրական բան է տեսնում, քանի որ իր բրոնզաձույլ Կինտոյի արձանի ոտքերն էլ սղոցելով Կիևյան փողոցից են տարել:
Հեղինակը, հաշվի առնելով այս ամենը , սրբագրել է արձանների իր էտյուդները` դրանք դարձնելով ավելի փակ ու չկոտրվող:
Հիշեցնենք, որ Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոյանը Facebook-ում կարծիք էր հայտնել, որ եթե երևանյան կերպարներին` Կարա-Բալա, ջուր ծախող տղա և այլն, կարելի է այսպես ներկայացնել հանրությանը, ապա մեր մեծերը պետք է մի քիչ պատվարված լինեն:
Քանդակագործը համաձայն չէ Ռոբերտ Մելքոնյանի հետ: «Թող մարդկանց մեջ լինեն։ Ի՞նչ է, մեր մեծերը մեջքից թևե՞ր ունեն, որ չենք կարա բոյներս չափենք: Թող լինեն, մենք էլ նստենք, գրկվենք, կարոտներս էլ առնենք»,- ասաց քանդակագործը:










