Այդ 36 տարիները ինձ մեծ փորձ ու հմտություն տվեցին. Կոնստանտին Օրբելյանը՝ Ջազ նվագախմբի մասին
Իր 75 տարիների ընթացքում Հայաստանի Ջազ նվագախումբը, թեև ունեցել է մի քանի ղեկավարներ, բայց մի բան նրան միշտ բնորոշ է եղել ու մնում է. պրոֆեսիոնալիզմ: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց 36 տարի նվագախումբը ղեկավարած կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը:
«Այդ 36 տարիները ինձ մեծ փորձ ու հմտություն տվեցին: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կդասավորվեր իմ կյանքը, եթե 1943թ.-ին ես չտեղափոխվեի հայրենիք ու չլինեի հարազատներիս հետ»,- ասաց նա:
Կոնստանտին Օրբելյանը հիշեց, որ նվագախումբը, ստեղծվելով 1937թ.-ին, Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին անգամ այդ պայմաններում չի դադարել իր գործունեությունը և հյուրախաղերով մեկնել է տարբեր երկրներ:
Անդրադառնալով վերջերս նվագախմբի հոբելյանին նվիրված համերգին՝ Օրբելյանը ընդգծեց, որ այն եզակի էր. բոլոր երաժիշտները աչքի ընկան պրոֆեսիոնալիզմով:
«Համերգին ներկա էին երկու նկարահանող խումբ Մոսկվայից, նրանցից մեկը Ռուսաստանի «Կուլտուրա» հեռուստաալիքն էր: Նրանք նշեցին, որ նման բարձր մակարդակի համերգ չի եղել անգամ Մոսկվայում»,-ասաց նա:
Ջազ նվագախմբի ներկայիս ղեկավար Արմեն Հյուսնունցը նշեց, որ համերգին ընդգրկվել էին բոլոր տարիների լավագույն գործերը: Նա նշեց, որ համերգից հետո որոշ երգիչ-երգչուհիներ նեղացել են իրենցից:
«Ես ուզում եմ ասել, որ երգիչների մրցակցություն այստեղ չկար, և թող ոչ մեկ չնեղանա, քանի որ չէին կարող բոլորին ընդգրկել համերգային ծրագրում: Այսօր մենք ձգտում են ավելի հաճախ ելույթներ ունենալ, մեր աշխարհագրությունը ընդլայնել՝ պահպանելով ինքնատիպությունը»,- ասաց նա:
Կոնստանտին Օրբելյանը նկատեց, որ ի տարբերություն նախկինի այսօր էականորեն փոխվել է հանդիսատեսը: Ըստ նրա՝ այսօր ավելի ջերմ են ընդունում իրենց:
«Այնքան ջերմ աչքեր կային, ամեն ինչ այնքան ջերմ էր ու հիասքանչ: Մեծ ոգևորություն էր զգացվում մարդկանց կողմից համերգի հանդեպ»,- ասաց նա:










