«Միասին» հեռուստակինոֆորումի մրցանակակիրների թվում հայեր կան
Ղրիմում ընթացող «Միասին» 13-րդ միջազգային հեռուստակինոֆորումն ամփոփել է արդյունքները, ըստ որոնց, հաղթողների թվում հայեր կան։
Ինչպես տեղեկացնում է «Երկրամաս»-ը, «Նոր և ինքնատիպ անցում՝ դերասանական նոր որակի» անվանակարգում մրցանակի է արժանացել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Վլադիմիր Եպիսկոպոսյանը։
Կիսվելով իր տպավորություններով՝ նա ասել է. «Ես կարծում եմ, որ 7 մլրդ մարդիկ, ովքեր ապրում են աշխարհում, բաժանվում են 4 մասի՝ տղամարդիկ, կանայք, հայեր և ոչ հայեր»։
«Ես, որպես փոքրիկ և համեստ հայ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և ժյուրիի անդամներին, որ իմ աշխատանքը գնահատել եք այս ֆորումի ընթացքում։ Ես նման պարգևի չէի սպասում»,– ավելացրել է նա։
«Սկիզբ » անվանակարգում, որը մրցանակ է սահմանում միայն ուսանողական աշխատանքների համար հաղթել է «Մարգար պապ» ֆիլմը, որը ներկայացրել են Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները։
Ընդհանուր առմամբ՝ ֆորումին ներկայացվել են ավելի քան 300 աշխատանքներ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Ժյուրին ընտրել է լավագույններին՝ մի քանի տասնյակ անվանակարգերում, այդ թվում՝ լավագույն դերասան և դերասանուհի, դեբյուտ, պրոդյուսեր, ռեժիսոր և այլն։










