Ջորջ Մայքլը չեղյալ է հայտարարել Ավստրալիայում համերգները՝ սթրեսի պատճառով
Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը չեղյալ է հայտարարել Ավստրալիայում համերգները, հայտնում է BBC-ն։ Պատճառը, ըստ երգչի, իր ձգձգվող հիվանդության հետևանքով առաջացած սթրեսն է։
Նախորդ տարի երգիչը ծանր թոքաբորբով էր հիվանդացել, որի պատճառով չեղյալ էր հայտարարել իր համերգային շրջագայությունը։ Նա մեկ ամիս անցկացրել էր Վիեննայի հիվանդանոցում։
Երգչի ինտերնետային էջում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ նա շատ է վշտացած համերգների չեղյալ հայտարարմամբ։
Ինչ վերաբերում է Բրիտանիայում ելույթներին, որոնք ծրագրված են հոկտեմբերին, ապա Ջորջ Մայքլը խոստանում է հուսախաբ չանել իր երկրպագուներին։ Սակայն համերգներից հետո նա մտադիր է կրկին բուժման կուրս անցնել։










